Հայաստանում անցած մեկ օրում նոր կորոնավիրուսային (Covid-19) հիվանդության 115 նոր դեպք է հաստատվել, հիվանդությունից ապաքինվել է 39 մարդ, արձանագրվել է մահվան 2 դեպք:
ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ երկրում մարտի 1-ից առ այսօր կորոնավիրուսային հիվանդության 47 667 դեպք է արձանագրվել, որից 42 676-ը ապաքինված, 938-ը՝ մահվան ելքով։
Ըստ աղբյուրի՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 288 է:
Ինչ վերաբերվում է վերջին 1 օրում արձանագրված մահվան 2 ելքին՝ առողջապահական գերատեսչությունից մանրամասնում են․
«Պացիենտները եղել են 83 տարեկան կին և 69 տարեկան տղամարդ: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»:
Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում փաստացի բուժում է ստանում 3765 պացիենտ: Նախորդ օրն իրականացվել է 825 թեստավորում՝ մինչ օրս արված թեստավորումների քանակը հասցնելով 266 066-ի։