Կայացավ էլեկտրամոբիլների առաջին շքերթը՝ հանուն էկոլոգիապես մաքուր Հայաստանի - RadioVan.fm

Онлайн

Կայացավ էլեկտրամոբիլների առաջին շքերթը՝ հանուն էկոլոգիապես մաքուր Հայաստանի  

2020-09-21 18:26 , Общество, 1705

Կայացավ էլեկտրամոբիլների առաջին շքերթը՝ հանուն էկոլոգիապես մաքուր Հայաստանի

Էլեկտրական սկուտերներ, հեծանիվներ, ավտոմեքենաներ, բեռնատարներ․ շուրջ 3 տասնյակ էլեկտրամոբիլների վարորդներ՝ մեքենաների դիմապակիներին «Ոչ էլեկտրամոբիլների գույքահարկին», «Լիցքավորիչներ՝ Երևանի հանրային վայրերում», «Էլեկտրամոբիլը շքեղություն չէ, այլ՝ փոխադրամիջոց» գրությամբ պաստառներով, Էկոլոգիապես մաքուր երկրում ապրելու ցանկությամբ այսօր հիմք դրեցին Հայաստանում էլեկտրական շարժիչով մեքենաների առաջին շքերթին։

Շքերթի, որը նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախության 29-ամյակին, մեկնակետը Երևանի Ստեփան Շահումյանի հրապարակից էր։ Այն, ի նշան տոնի, ընթացավ դեպի Գառնի՝ 29կմ երկարությամբ։

Կազմակերպիչների խոսքով՝ շքերթի նպատակն է նաև քննարկել էլեկտրական տրանսպորտի զարգացման հեռանկարները, բարձրաձայնել խնդիրների մասին։

«Որպես զարգացման խթան կարող է լինել գույքահարկի չեղարկումը։ Օրինակ, Tesla էլեկտրամոբիլները, որոնք չեն աղտոտում մթնոլորտը, վճարում են մի քանի հարյուր հազար դրամը, ինչը անհեթեթություն է»,-«Ռադիո Վան»-ի հետ զրույցում ասաց շքերթի կազմակերպիչներից PLUG.am նախագծի ղեկավար Կարեն Դերձյանը՝ գոհունակությամբ հայտնելով, որ Հայաստանի էլեկտրամոբիլների 10 տոկոսը՝ 30-ից ավելի մեքենա, մասնակցում է նախաձեռնությանը։

Կարենի փոխանցմամբ՝ իր ղեկավարած ծրագրի շրջանակում այս պահին հանրապետության գրեթե բոլոր մարզերն ընդգրկող 14 լիցքավորման կայան է հիմնվել և շուտով այդ թիվը 25 կդառնա։

Դե իսկ վարորդների հետ մեր ունեցած զրույցը փաստեց, որ նրանք այլևս չեն վերադառնա դիզելային շարժիչով աշխատող մեքենաներին։

«Գիտես, որ չես աղտոտում բնությունը, գիտես, որ հոսանքը արտադրվում է Հայաստանում, այսինքն, օգտագործում ես տեղական վառելիք»,-էլեկտրամոբիլների առավելությունների մասին խոսելիս՝ նշեց Արտակ Մուրադյանը։

«Անվտանգ է, դիզելային շարժիչով մեքենաների համեմատ խնայողական է, առնվազն, 10 անգամ»,-նկատեց էլեկտրական մեքենայով շուրջ 40 հազար կմ ճանապարհ անցած Մկրտիչ Ղազարյանը, ով ապագայի համար նպատակային է համարում էլեկտրական բեռնատարների և ավտոբուսների շահագործումը։

Նրա խոսքով՝ ձայնի բացակայության պարագայում սկզբում անսովոր է էլեկտրամոբիլ վարելը, բայց շարժման դինամիկան, սահունությունը այնպես է գրավում, որ այլևս չես վերադառնա բենզինային շարժիչով մեքենային։

Մանրամասները՝ տեսանյութերում։

Հավելենք, որ Հայաստանի անկախության 29-ամյակին նվիրված էլեկտրամոբիլների առաջին շքերթը կազմակերպվել էր «էլեկտրամոբիլները Հայաստանում» նախաձեռնող խմբի և «Plug.am` էլեկտրական մեքենաների խթանումը Հայաստանում» ծրագրի կողմից։ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի Փոքր դրամաշնորհների ծրագրի` «Plug.am» նախագիծը նպատակ ունի հանրապետությունում խթանել ենթակառուցվածքների զարգացումը էլեկտրական մեքենաների համար լիցքավորման կայանների տեղակայման միջոցով՝ ստեղծելով նախադրյալներ Հայաստանում էլեկտրամոբիլների թվաքանակի ավելացման համար։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть