«Սննդային» թունավորում՝ Լուսավորչում․ 33 տուժածի վիճակը լավ է - RadioVan.fm

Онлайн

«Սննդային» թունավորում՝ Լուսավորչում․ 33 տուժածի վիճակը լավ է

2020-09-21 13:53 , Общество, 2327

«Սննդային» թունավորում՝ Լուսավորչում․ 33 տուժածի վիճակը լավ է

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում սեպտեմբերի 19-ի երեկոյան նկատվել են սննդային թունավորման դեպքեր, որի վերաբերյալ բուժկենտրոնն անմիջապես տեղեկացրել է պատկան մարմիններին։

Բուժկենտրոնից հայտնում են, որ 19:40-ի դրությամբ սննդային թունավորման կասկածով բոլոր անձանց վիճակը լավ է։ Նշվում է, որ սննդային թունավորումը (հարցականով) վերաբերում էր 33 հոգու, որից 25-ը բուժանձնակազմից, իսկ 8-ը` պացիենտ։

Բուժկենտրոնին սնունդ մատակարարող «Արտ Լանչ» ընկերության հիմնադիր Բակուր Մելքոնյանն անդրադարձել է կատարվածին՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով․

«Հեչ չէի ուզում անդրադառնալ մամուլում պտտվող լուրերին, որ Արտ Լանչի սննդից Մասիվի հիվանդանոցում 33 հոգի թունավորվել են, չէի ուզում անդրադառնալ ոչ թե թաքցնելու համար (բոլոր անհրաժեշտ կառույցները տեղեկացված են), այլ չէի ուզում հետևյալ պատճառով.

1. Մի քանի պրոֆեսինալ բժիշկ մասնագետների հետ զրույցից հասկացանք, որ թունավորում չկա, այլ եղել է աղեստամոքսային խանգարում:

2. Ամբողջությամբ նույն սնունդից, նույն օրը, նույն հիվանդանոցում օգտվել են 500-ից ավել մարդ և միայն 33 անձի մոտ հաջորդ օրը եղել է փորլուծություն:

3. Ես անընդհատ կապի մեջ եմ հիվանդանոցի անձնակազմի հետ, այս պահին բոլոր 33 անձի մոտ էլ ամեն ինչ նորմալ է և սիմպտոմները անցել են:

4. Օրենքով պահանջված կարգով առկա են տեղում պատրաստված ճաշերի և աղցանների բոլոր փորձանմուշները, որոնք համապատասխան մարմինների կողմից տարվել են փորձաքննման:

5. Մեր մոտ առկա են և համապատասխան մարմիններին տրամադրվել են մեր կողմից օգտագործված բոլոր սննդամթերքների ձեռքբերման փաստաթղթերը, այդ թվում տեղական մսամթերքի սպանդանոցային ծագման բոլոր ձևերը և անհրաժեշտ սերտիֆիկատները:

Ես ուզում եմ, որ երկրումս ամեն մեկը կրի պատասխանատվություն իր կատարած սխալի համար, ես ինքս պատրաստ եմ կրել ցանկացած պատասխանատվություն, եթե կատարել եմ որևէ օրենքի խախտում կամ մախինացիա: Բայց ուզում եմ, որ չլինի տարիներ առաջ կատարվածի նման, երբ օրեր անց պարզվեց, որ մեղավորը Արտ Լանչը չէր, այլ մատակարար մի կազմակերպություն, բայց դա արդեն ոչ մեկին չէր հետաքրքրում:

Լինենք պրոֆեսիոնալ, սպասենք արդյունքներին:

Շատ շնորհակալ եմ ինձ րոպեն մեկ զանգող և իրենց աջակցությունը և օգնություն առաջարկող անձանց:

Ես միշտ մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերվել իմ բիզնեսին և նույն պատասխանատվությամբ էլ շարունակելու եմ իմ աշխատանքը»։

Նշենք՝ ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (ՀՎԿԱԿ) Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները բուժհաստատության պատասխանատուների հետ համատեղ ուսումնասիրություն են իրականացնում հանգամանքները պարզելու համար։ Տեսչական մարմնի աշխատակիցները սնունդից նմուշառում են կատարել, այն ուղարկվել է ՀՎԿԱԿ-ի լաբորատորիա։ Արդյունքները պարզ կլինեն 2-3 օր անց։

Лента

Рекомендуем посмотреть