Ինչպե՞ս պետք է իրականացվի աշխատավարձի վերջնահաշվարկը. Տեսչությունն իրազեկում է - RadioVan.fm

Онлайн

Ինչպե՞ս պետք է իրականացվի աշխատավարձի վերջնահաշվարկը. Տեսչությունն իրազեկում է

2020-09-18 17:11 , Общество, 1228

Ինչպե՞ս պետք է իրականացվի աշխատավարձի վերջնահաշվարկը. Տեսչությունն իրազեկում է

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ), հիմք ընդունելով թեժ գծով ստացվող ահազանգերը, ինչպես նաև քաղաքացիներից հաճախակի ստացվող հարցերը, մասնավորապես, գործատուի կողմից աշխատողի հետ վերջնահաշվարկ կատարելու առնչությամբ, իրազեկում է, թե ո՞ր դեպքում և ինչպես պետք է իրականացվի աշխատավարձի վերջնահաշվարկը։

Այսպես՝

1. Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման օրը, եթե սույն օրենսգրքով, օրենքով կամ գործատուի և աշխատողի համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսված չէ,

2. Եթե աշխատողը նույն գործատուի կամ օրենքով սահմանված կարգով իրավահաջորդ ճանաչված գործատուի մոտ փոխադրվում (տեղափոխվում) է այլ աշխատանքի, գործատուն աշխատողի հետ վերջնահաշվարկ չի կատարում,

3. Գործատուն վերջնահաշվարկի օրը պարտավոր է աշխատողին վճարել աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումներ, իսկ եթե այդ պարտավորությունը գործատուից անկախ պատճառներով հնարավոր չէ կատարել, ապա աշխատողի աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները կատարվում են աշխատողի կողմից նման պահանջ ներկայացնելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում:

4. Ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական հատուցումը վճարվում է աշխատանքային պայմանագիրը լուծելիս:

Նշվում է, որ վերջին շուրջ 2 ամսվա ընթացքում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ստացել է մոտ 5 տասնյակ դիմում-բողոք, որոնք վերաբերում են գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի պահանջների խախտմանը։

Դիմում-բողոքները եղել են բազմաբնույթ, բայց զգալի մասը վերաբերել է

– հարկադիր պարապուրդին,

– աշխատավարձերը չհաշվարկելուն, չվճարելուն,

– վերջնահաշվարկ չկատարելուն,

– առանց աշխատողների համաձայնության չվճարվող արձակուրդ տրամադրելուն,

– աշխատանքից անհիմն ազատելուն:

Տեսչական մարմնում աշխատանքային իրավունքին առնչվող դիմում-բողոքների հիման վրա հարուցվում են վարչական վարույթներ, որոնց ընթացքում աշխատանքային օրենսդրության խախտումներ արձանագրելու դեպքում դրանք վերացնելու և արդյունքում աշխատողների աշխատանքային խախտված իրավունքները վերականգնելու նպատակով տրվում են կարգադրագրեր։

Лента

Рекомендуем посмотреть