«Լավագույն» քաղաքացիներն արդեն սկսում են «օծել» Հ․ Մաթևսյանի՝ անավարտ շենքը - RadioVan.fm

Онлайн

«Լավագույն» քաղաքացիներն արդեն սկսում են «օծել» Հ․ Մաթևսյանի՝ անավարտ շենքը

2020-09-17 18:24 , Общество, 1185

«Լավագույն» քաղաքացիներն արդեն սկսում են «օծել» Հ․ Մաթևսյանի՝ անավարտ շենքը

«Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրեն, արձակագրի որդի Դավիթ Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում, մասնավորապես, նշել է․

«Փաշանյանի տապալած սեփական հանձնարարականից մի տարի անց. Հրանտ Մաթևոսյան Կենտրոնի անավարտ ու «անտեր» շենքը Երևանի բարեխնամ «սրտում»: Այսօր: ՀՀ կառավարությունը հետևողական է: «Լավագույն» քաղաքացիներն արդեն սկսում են «օծել» շենքը»:

«Երբեմնի «հպարտ» քաղաքացիների մերօրյա պատկերը... խնդրեմ արդարացե՛ք, խոսե՛ք, սպասում ենք...»,-Հրանտ Մաթևոսյանի որդու գրառմանն արձագանքել է օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը։

Հիշեցնենք՝ 2015-ի հունիսին Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել 50 մլն դրամ հատկացնել Հրանտ Մաթևոսյանի թանգարանի շինարարության մեկնարկի համար: Արձակագրի որդին ամիսներ առաջ ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել էր կառույցի խնդրին։

«2018-ի հեղափոխոությունից անցել է ուղիղ ԵՐԿՈւ ՏԱՐԻ, 2019-ի ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ մոտ խորհրդակցությունից` ԻՆԸ ԱՄԻՍ: Հրանտ Մաթևոսյան Մշակութային Կենտրոն Թանգարանի կառույցը` որքանը որ առայժմ առկա է` կառուցվել է հեղափոխությամբ հեռացված իշխանության ֆինանսավորմամբ: Անցած երկու տարվա ընթացքում անավարտ մնացած բազմամիլիոնանոց, կարևորագույն մշակութային կառույցի վրա ՀՀ նոր կառավարությունը ՉԻ ԾԱԽՍԵԼ ՈՉ ՄԻ ԿՈՊԵԿ ՓՈՂ ( գոնե շենքը պահպանելու համար ) չի շարունակել և ավարտին չի հասցրել շինարարությունը,չի ստեղծել ոչ պետական միջոցներից` հովանավորների, ֆոնդերի, բարերարների կողմից ներդրում անելու և այդ ծաշսերը հոգալու պայմաններ: Նույնիսկ կառույցն առայսօր ՈՉ ՄԵԿԻ ՀԱՇՎԵԿՇՌԻՆ ՉԷ:

2019-ի սեպտեմբերի 18-ի խորհրդակցությանը Փաշինյանի տված մանրակրկիտ հանձնարարականը այս հարցում արագ և դրական փոփոխության պատրանք ստեղծեց. խորհրդակցությունն ու հանձնարարականը պարզապես անտեսված են առայսօր: Անցած ինը ամիսների ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ քաղշինկոմիտեի և մնացած մարմինների իրարամերժ, հակասական, անարդյունավետ քայլերը Փաշինյանի հանձնարարականի մանրամասն ու հստակ շարադրանքի ՀԱԿԱՊԱՏԿԵՐՆ ԵՆ, իսկ մեզ ուղարկված պաշտոնական գրությունները ապացույց, որ այդ հանձնարարականի տեքստը չեն հասկացել այդ մարդիկ, կամ չեն ուզել հասկանալ, կամ ասված է` որ չհասկանան:

ՍԱ ՍԱԲՈՏԱԺ Է, կամ եթե կուզեք` ԻՆՔՆԱՍԱԲՈՏԱԺ: Սրա հանգուցալուծումը Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան-ի ձեռքում է: Սա իր պատվախնդրության հարցն է այլևս: Առավելագույնը ԵՐԿՈւ A4 ձևաչափի ԷՋ, վրան ՀՀ կառավարության հազիվ չորս րոպե տևող քննարկման շարադրանքը:

Հարգելի վարչապետ, պատրաստ եմ, առանց մեկնաբանության, պարզ համադրմամբ ՁԵԶ ներկայացնել ՁԵՐ իսկ մանրակրկիտ և էապես ճշգրիտ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ, ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈւԹՅՈւՆԸ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ինձ ուղարկած գրությունն, իբր` ի կատարումն Ձեր հանձնարարականի: Ստորև տեղադրում եմ: Տեսեք` վերջինը մյուս երկուսին որքանով է համապատասխանում...

Հարգելի Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան, խորհրդակցության վերջում ասել էիք` եթե արդյունքի չհանգեք` նորից պիտի ինձ մոտ գաք: ՉԵՆՔ ՀԱՆԳԵԼ: Քանի որ Ձեր հանձնարարականի տառին և ոգուն համապատասխան միայն համահեղինակներս ու ես ենք գործ արել և ստեղծել պրեզենտացիան, որը պարզվեց միայն հանրությանն էր պետք ու...թերևս Ձեզ, բայց ոչ խորհրդակցությանը ներկա Ձեր ենթականերին:

ԶԶՎԵԼ ԵՄ արդեն, բայց պատրաստ եմ ՍԻՐՈՎ, համահեղինակներիս հետ միասին ՁԵԶ ներկայացնել ՁԵՐ հանձնարարականի ոգուն ամենամանրամասն կերպով համահունչ այդ ՊՐԵԶԵՆՏԱՑԻԱՆ, որ որևէ առաջին կամ երկրորդ դեմք զլացավ դիտել ու լսել:

Ամոթ է այսպես շարունակելը: Անպատիվ է»,-մասնավորապես գրել էր Դավիթ Մաթևոսյանը:

Հիշեցնենք՝ ուղիղ մեկ տարի առաջ՝ 2019-ի սեպտեմբերի 18-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի էր ունեցել խորհրդակցություն՝ հայ մեծանուն գրող, արձակագիր Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոն-թանգարանի վերաբերյալ:

Վարչապետի աշխատակազմից հայտնել էին, որ քննարկվել են, մասնավորապես, Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոն-թանգարանի շինարարության ընթացքին և գործունեությանը վերաբերող հարցեր, անդրադարձ է եղել կենտրոնի գործունեության բովանդակային, վարչական, կազմակերպչական, ֆինանսական ասպեկտներին:

Վարչապետն առաջարկել էր նրա որդուն՝ Դավիթ Մաթևոսյանին «Հրանտ Մաթևոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի և համապատասխան մասնագետների հետ համատեղ քննարկել ու մինչ այս տարվա դեկտեմբեր ներկայացնել նախագիծ, որը կներառի համապարփակ լուծումներ կենտրոնի բովանդակային հագեցվածության, վարչական աշխատանքների կազմակերպման և ֆինանսական գնահատականի վերաբերյալ:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть