Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի համար նոր շենք կկառուցվի՝ նոր ենթակառուցվածքներով, մարզագույքով և հարմարավետ պայմաններով, որի համար, նախ, կհայտարարվի նախագծային մրցույթ:
Հարցն այսօր քննարկվել է «Օղակների արքայի»՝ Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի հետ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հանդիպման ընթացքում։
1969 թվականին կառուցված դպրոցը, որը ներկայում 200 սան ունի (այստեղ են մարզվում նաև սպորտային մարմնամարզության ՀՀ ազգային հավաքական թիմի անդամները, Եվրոպայի և աշխարհի առաջնությունների չեմպիոններն ու մեդալակիրները), երբևէ չի հիմնանորոգվել։ Կոսմետիկ նորոգում վերջին անգամ եղել է շուրջ 20 տարի առաջ։
«Զրուցելով քաղաքապետի հետ՝ Հայաստանի մարմնամարզության և ակրոբատիկայի ֆեդերացիայի նախագահ, մարզադպրոցի տնօրեն Ալբերտ Ազարյանը նկատել է, որ շենքային և գույքային պայմանները ոչ միայն չեն համապատասխանում միջազգային չափորոշիչներին, այլև հնարավորություն չեն տալիս մարզիկներին լիարժեքորեն մարզվելու: Քաղաքապետ Մարությանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը նախատեսում էր վերանորոգել մարզադպրոցը, սակայն սեյսմիկ ուսումնասիրություններից հետո պարզ է դարձել, որ նորոգումն անհնարին է: Խնդրի համալիր լուծումը նոր շենք կառուցելն է»,-հանդիպումից մանրամասներ են հայտնում քաղաքապետարանից՝ նշելով, որ Մարությանը՝ որպես լուծում ներկայացրել է քննարկվող տարբերակներից մեկը։
«Իրավիճակի լուծումներից մեկն այն է, որ զրոյից կառուցվի նոր շենք՝ միջազգային չափանիշներով, ինչպես որ մեզ պետք է: Կարծում ենք, որ այն պետք է լինի սպորտային միջավայրում: Այսօր պահին քննարկվում է մի քանի տարբերակ: Կառուցման ընթացքում նաև մարզադպրոցի աշխատանքը չի կանգնի: Իրականում լավ կլիներ հենց այստեղ՝ նույն տեղում ունենայինք նոր դպրոց, բայց այդ դեպքում աշխատանքները կտևեն մի քանի տարի»,- ընդգծել է քաղաքապետը՝ պատասխանատուներին հանձնարարելով աշխատանքներին ընթացք տալ հնարավորին սեղմ ժամկետում: