ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակելով տնտեսական բարդությունների ֆոնին տնտեսական լավ լուրերի թեման՝ ֆեսբուքյան գրառմամբ արձանագրել է․
«2020 թվականի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանից կենդանի ոչխարի և այծի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 256 տոկոսով. արտահանվել է շուրջ 41 հազար գլուխ մանր եղջերավոր կենդանի, ընդհանուր առմամբ շուրջ 3.4 միլիոն դոլարի:
Այս աճը ուղիղ արդյունք է կառավարության ձեռնարկած մի շարք քայլերի և մանր եղջերավոր անասունների արտահանումը օգուտներ է բերում բազմաթիվ տնտեսվարողների, ովքեր անսացել են «ոչխար պահելու» իմ հորդորներին:
Շարունակում եմ պնդել, որ սա մեր գյուղատնտեսության հեռանկարային ճյուղերից մեկն է, որը նաև աղքատության հաղթահարման շատ արդյունավետ գործիք կարող է դառնալ, եթե իհարկե մեր բազմաթիվ գյուղերում բազմաթիվ գյուղացիներ ուժերը միավորելու, գյուղացիական կոոպերատիվներ ստեղծելու և կառավարության ընձեռած հնարավորություններից օգտվելու կամք ցուցաբերեն:
Մենք ամեն կերպ քաջալերելու ենք, որ դա իրականում տեղի ունենա»,-մասնավորապես գրել է վարչապետը։
Նշենք՝ Իրանի Իսլամական Հանրապետության անասնաբուժության կազմակերպության և ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի միջև գրեթե մեկ տարի տևած բանակցությունների արդյունքում՝ ՀՀ-ից կենդանիները Իրաք, Քաթար, ԱՄԷ, Քուվեյթ են տեղափոխվում Իրանի տարածքով։
Ինչ վերաբերվում է տնտեսական ճգնաժամի ֆոնին վարչապետի թվարկած լավ լուրերին, ապա օրեր առաջ էլ նա հայտնել է, որ հանրապետությունից ելակ-մոշ-հաղարջի արտահանումը աճել է 166%-ով։