ԱԺ-ն ՍԴ-ի 3 դատավորին ընտրեց, թեև Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ դրանով վերջնականապես չի լուծվելու ՍԴ թնջուկը - RadioVan.fm

Онлайн

ԱԺ-ն ՍԴ-ի 3 դատավորին ընտրեց, թեև Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ դրանով վերջնականապես չի լուծվելու ՍԴ թնջուկը

2020-09-15 17:05 , Политика, 932

ԱԺ-ն ՍԴ-ի 3 դատավորին ընտրեց, թեև Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ դրանով վերջնականապես չի լուծվելու ՍԴ թնջուկը

Պատգամավորներն այսօր առավոտյան փակ գաղտնի քվերակությամբ ընտրել են Սահմանադրական դատարանի (ՍԴ) անդամի երեք թեկածուներին, որոնց առաջադրել էին ՀՀ նախագահը, Ազգային ժողովը և կառավարությունը:

Ազգային ժողովի (ԱԺ) հաշվիչ հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Վահագն Հովակիմյանը հայտնել է, որ գաղտնի քվեարկությանը մասնակցել է 88 պատգամավոր: Թեկնածուներից Երվանդ Խունդկարյանին կողմ է քվեարկել 84 պատգամավոր, դեմ՝ 2-ը, 2 քվեաթերթիկ էլ անվավեր է ճանաճվել: Արթուր Վաղարշյանին կողմ է քվեարկել 86 պատգամավոր, միաժամանակ արձանագրվել են մեկական դեմ և անվավեր քվեաթերթիկներ: ՍԴ դատավոր անդամի թեկնածու Էդգար Շաթիրյանը ՍԴ անդամ է ընտրվել 85 կողմ և 3 դեմ ձայներով:

Խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը հիշեցրել է, որ ՍԴ անդամները իրենց պաշտոնները պետք է ստանձնեն ԱԺ-ում երդվելով, բայց քանի որ նրանցից երկուսը անհամատեղելիության հարց ունեն՝ դեռ իրենց նախորդ աշխատատեղից դուրս գալու դիմում չեն ներկայացրել, ապա երդման արարողությունը ավելի ուշ կկայանա:

«Այսօր ընտրվել են նոր դատավորներ, որոնք կանեն իրենց աշխատանքը և չեն հանդիսանա ՀՀ գործող իշխանության ոչ սպասարկուները, ոչ էլ որևէ կապ են ունեցել»,-լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ ընդգծելով, որ իշխանությունները ասել են, որ չեն ձևավորելու իշխանությանը պատկանող խամաճիկային Սահմանադրական դատարան, այլ ձևավորելու են Սահմանադրական դատարան, որ լինելու է նոր, լինելու է սկզբունքային:

«Այդ առումով ԱԺ պատգամավորները քննարկումներից հետո կայացրել են իրենց որոշումը: Չեմ համարում, որ մենք որևէ մեկին դավաճանել ենք»,-ասել է Սիմոնյանը՝ միաժամանակ նշելով, որ ՍԴ դատավորների ընտրությամբ վերջնականապես չի լուծվելու ՍԴ թնջուկը:

«Այնպես չէ, որ սա վերջնական լուծում է, նման բան չկա»,- նշել է նա:

Հիշեցնենք՝ ՀՀ Ազգային ժողովի իշխանական մեծամասնության նախաձեռնությամբ հունիսի 22-ին արտահերթ նիստում 24-ժամյա ռեժիմում քննարկվեց ու ընդունվեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվող կարգավորումներն ուժի մեջ մտան հունիսի 26-ին: Համաձայն դրանց՝ կասեցվեց Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը որպես Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ, իսկ ՍԴ 9 անդամներից 3-ի՝ Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի, Ալվինա Գյուլումյանի, որոնց պաշտոնավարման 12 տարին լրացել է, լիազորությունները դադարեցվեցին:

Մինչդեռ, նշյալ դատավորները հորդորել էին համապատասխան պաշտոնյաներին դուրս չգալ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված լիազորությունների շրջանակից, իրավունքի ու օրինականության ծիրից:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть