Ադրբեջանական զանգվածային լրատվության միջոցներով երեկ տեղեկություն էր տարածվել հայազգի Զավեն Կարապետյան անուն-ազգանունով անձի գերեվարվելու մասին։
ՀՀ ոստիկանությունը քիչ առաջ հանդես է եկել նշված անձի մասին պարզաբանմամբ, ըստ որի՝ ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած անձնական տվյալները համընկնում են Վանաձորի Մայմեխի 1 հասցեում գտնվող ծերանոցում հաշվառված, 16․11․1974 թ․ ծնված Զավեն Կարապետյանի տվյալների հետ։
«Զ․Կարապետյանը ծնվել է Նոր Խարբերդ ավանում։ Մայրը` Մ․ Կարապետյանը, եղել է Խարբերդի հաշմանդամների տան շահառու։ 1978 թ․ Զավեն Կարապետյանն ընդունվել է Գավառի մանկատուն, որտեղից դուրս է գրվել 1982 թ․ և տեղափոխվել մայրաքաղաքի Սովետաշենի օժանդակ դպրոց։ 1994 թ․ աշնանը Զ․Կարապետյանը տեղափոխվել է Վանաձոր քաղաք և մոտ 4 տարի բնակվել Շառլ Ազնավուրի հիմնադրամի կողմից տրամադրված տնակում` օժանդակ դպրոցի նախկին սաներից մեկի հետ, հետո միայնակ է բնակվել Վանաձորի «Արմենիա» առողջարանի տարածքում տեղադրված և իրեն հատկացված տնակում։ Հաշվառման վայր չունենալու պատճառով 2004 թ․ հաշվառվել է Վանաձորի Մայմեխի 1 հասցեում գտնվող ծերանոցում և նույն թվականին Վանաձորի անձնագրային բաժանմունքի կողմից ստացել անձնագիր»,-տեղեկացնում են ոստիկանությունից: Նշվում է նաև, որ անձնագրի վավերականացման տասնամյա ժամկետը լրանալուց հետո Զ․Կարապետյանը չի դիմել նոր անձնագիր ստանալու համար։
Նա ՀՀ զինված ուժերում չի ծառայել, քանի որ առողջական խնդիրներ է ունեցել (մտավոր հետամնացություն) և ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանի համաձայն՝ 24․12․1993 ազատվել է ծառայությունից։ Զ․Կարապետյանը հետագայում ապամոնտաժել և վաճառել է իր տնակը և դրանից հետո վարել թափառական կյանք, մշտական բնակության վայր չի ունեցել։
Ըստ ստացված տեղեկությունների՝ ՀՀ տարբեր տարածքներում վարձատրության դիմաց անասնապահությամբ է զբաղվել։ Խուսափել է շփումներից, եղել է ինքնամփոփ, առերևույթ ակնհայտ են եղել մտավոր թերություններ։