Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) անդրադառնալով այսօր կառավարության շենքի դիմաց հավաքված քաղաքացիների բողոքի ակցիային՝ պարզաբանում է տարածել:
Նշենք՝ այսօր՝ սեպտեմբերի 9-ին, մանրածախ առևտրով, մասնավորապես, հագուստի և կոշիկի ներմուծմամբ զբաղվող քաղաքացիները կառավարության շենքի առջև բողոքի ակցիայում ընդգծել են, թե ապրանքների մաքսազերծման փոփոխություններ են եղել, ինչն էլ կարող է պատճառ հանդիսանալ ներկրվող ապրանքի դիմաց մի քանի անգամ ավելի շատ գումար վճարելուն:
ՊԵԿ-ը տարածած հաղորդագրությամբ, ահա, պարզաբանում է․
«Այսօր բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների հետ, դեռևս նախօրեին՝ մաքսային պահեստում շրջայցի ժամանակ, հանդիպել են ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանը և Արարատյան մաքսատուն-վարչության պետ Կարեն Բաբայանը:
Հանդիպմանը քննարկվել են տնտեսվարողների բարձրացրած հարցերը, մասնավորապես, գործընթացում ծագող անհարմարությունների և գնային քաղաքականության հետ կապված մտահոգությունները:
Պետական եկամուտների կոմիտեն քաղաքացիներին առաջարկել է գույքագրել բոլոր խնդիրները, ինչպես նաև ներկայացնել գնային քաղաքականության վերաբերյալ առաջարկություններ՝ հետագայում համատեղ քննարկելու և աշխատելու նպատակով։
Մոտ 30 րոպե տևած հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ տնտեսվարողները կհավաքագրեն բոլոր խնդիրները և հաջորդ օրը՝ Արարատյան մաքսատան ղեկավարության և տնտեսվարողների մասնակցությամբ աշխատանքային հանդիպմանը կքննարկվեն այդ խնդիրները: Սակայն քաղաքացիները քիչ անց տեղեկացրել են, որ հրաժարվում են աշխատանքային հանդիպումից և փոխարենը՝ նախընտրում են բողոքի ակցիա իրականացնել Կառավարության շենքի մոտ։
ՊԵԿ-ը տնտեսվարողներին ևս մեկ անգամ հորդորում է հավաքագրել, ամբողջացնել բոլոր խնդիրները և համատեղ աշխատել հնարավոր լուծումները գտնելու ուղղությամբ»։