Հայաստանում անցած մեկ օրում նոր կորոնավիրուսային (Covid-19) հիվանդության 199 նոր դեպք է հաստատվել, հիվանդությունից ապաքինվել է 431 մարդ, արձանագրվել է մահվան 2 դեպք:
ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ երկրում մարտի 1-ից առ այսօր կորոնավիրուսային հիվանդության 45 152 դեպք է արձանագրվել, որից 41 023-ը ապաքինված, 905-ը՝ մահվան ելքով։ Ըստ աղբյուրի՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 279 է:
Ինչ վերաբերվում է վերջին 1 օրում արձանագրված մահվան 2 ելքերին՝ առողջապահական գերատեսչությունից մանրամասնում են․
«Պացիենտները եղել են 89 (կին) և 79 (տղամարդ) տարեկան: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»:
Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում փաստացի բուժում է ստանում 2945 պացիենտ: Նախորդ օրն իրականացվել է 3518 թեստավորում՝ մինչ օրս արված թեստավորումների քանակը հասցնելով 224 559-ի։