Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հաշվետվություն է ներկայացրել իր պաշտոնավարման 100 օրվա ընթացքում կառավարության ձեռք բերած ու նվիրատվություն ստացած մեքենաների թվի վերաբերյալ:
Ըստ այդմ՝ վերջին շուրջ 3 ամիսներին պետական կարիքների համար Արցախի Հանրապետության կառավարությունը ձեռք է բերել 4 «Ուրալ» հրդեհաշիջման ավտոմեքենա և մեկ ավտոսանդղակ: Անհատական կապերի միջոցով բարերարների կողմից ձեռք են բերվել և նվիրաբերվել՝ Ազգային անվտանգության ծառայությանը՝ 14 ավտոմեքենա, ոստիկանությանը՝ 4 ավտոմեքենա, արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը՝ 4 ավտոմեքենա:
ՀՀ կառավարությունը 7 շտապօգնության մեքենա և 3 ռեանիմոբիլ է նվիրաբերել Արցախի առողջապահության նախարարությանը:
Հայկական երկրորդ հանրապետության ղեկավարը հիշեցրել է, որ իր ծառայողական 2 մեքենաները (Տոյոտա LC 200 և էլեկտրամոբիլ) ևս ստացել է բարերարների կողմից:
«Պետական միջոցներն արդյունավետ և խնայողաբար ծախսելու մեր որդեգրած մոտեցումը մեզ համար լինելու է հիմնական ուղենիշ առաջիկա 5 տարիների ընթացքում, և այդ մասին հաշվետվություններով պարբերաբար հանդես ենք գալու հանրության առջև»,-միաժամանակ վստահեցրել է Արցախի նախագահը։