Մարտի 1-ի տուժողների իրավահաջորդները դադարեցնում են դատական նիստերին ֆիզիկական մասնակցությունը։ Այդ մասին այսօր հրավիրված մամլո ասուլիսում հայտարարել են նրանք։
«Մենք շատ, վրդովված ենք, ջղայնացած ենք, չենք ուզում որևէ բան ասել ձեզ, միայն կասենք, որ մենք հրաժարվում ենք ֆիզիկապես մասնակցել այս անբովանդակ միջոցառմանը»,- ասել է «Մարտի 1»-ի զոհ Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը։
«Դատավարություն ասվածը գոյություն չունի։ Մենք ականատես ենք լինում էժանագին թատրոնի»,-իրենց հերթին նշել են «Մարտի 1»-ի գործով տուժողների իրավահաջորդներ Արմեն Ֆարմանյանն ու Էդիկ Հարությունյանը՝ ընդգծելով, որ իրենց քայլով ոչ թե դուրս են գալիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ, այլ՝ նրա նշանակած անգործություն դրսևորող պաշտոնյաների դեմ։
Դատական նիստերին ֆիզիկապես ներկա չլինելու որոշման մասին հայտարարություն է տարածել նաև «Մարտի 1»-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը՝ նշելով, որ 2008 թ․մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ դատապարտվել է շուրջ 113 անձ, 2018 թ․ hեղափոխությունից հետո միայն 15 գործով վերանայում և արդարացում է եղել, որոնցով վճռաբեկ բողոքները բերվել են գլխավոր դատախազության կողմից միայն 2019թ․։
Դրանից ի վեր, ըստ փաստաբանի, դատախազությունը լուռ է։
Եգորյանի կարծիքով պետական մարմինների միջև արդյունավետ համագործակցության փոխարեն շատ դեպքերում ի հայտ են գալիս հակազդման կամ սաբոտաժի դրսևորումներ, մինչ օրս որևէ կերպ չի դրսևորվում ոչ ոստիկանության, ոչ ԱԱԾ արդյունավետ համագործակցությունը «մարտի 1-ի» գործի քննության շրջանակներում, առանցքային ծառայողներ կարծես արդյունավետորեն խուսափում են ցուցմունքներ տալուց և այդ կապակցությամբ չկա որևէ արդյունավետ միջոց:
Այդ մասինը նկատի առնելով՝ փաստաբանն ընդգծում է․
«Այժմ, երբ մարտի 1-ի հիմնական գործով նախաքննությունն ըստ էության դադարեցված է, իսկ դատաքննությունը վերածվել է թանկարժեք ժամավաճառության և ֆարսի, դատարանի բակում և դատարանի նիստերի դահլիճում տիրում է կամայականությունն ու թողտվությունը, որն ուղղված է սահմանադրությամբ հռչակված արժեքների և իրավունքների դեմ, արժանանում է բարձր հանդուրժողականության, իսկ նախագահող դատարավորն իր իշխանությունը կարողանում է կարծես իրացնել միայն տուժողների իրավահաջորդների նկատմամբ, մենք դադարեցնում ենք մեր ֆիզիկական մասնակցությունն այդ անբովանդակ միջոցառմանը: Մեր հետագա քայլերին կանդրադառնանք ըստ զարգացումների»։