Մոսկվան նշում է ծննդյան 873-ամյակը:
Արդեն երկրորդ տարին է «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ Ռուսաստանի մայրաքաղաքի տոնը նշվում է նաև Երևանում։ Այս տարի, համավարակով պայմանավորված, տոնական միջոցառումները օնլայն ֆորմատով են։
Օնլայն միջոցառումներից բացի Մոսկվայի օրվա շրջանակում Հայաստանի շախմատի ակադեմիայի և Մոսկվայի շախմատի ֆեդերացիայի գործակցությամբ անցկացվում են նաև շախմատի և շաշկու մրցաշարեր՝ Հայաստանի շաշկու ֆեդերացիայի հետ։
Մոսկվայի տոնի շրջանակում Երևանին Ավ․ Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում նախատեսվում է Ռուսական կենտրոնի բացում և հայկական դպրոցների ռուսական դասարաններին դասագրքերի փոխանցում:
Բոլոր տոնական միջոցառումները անց են կացվում Մոսկվա քաղաքի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի և «Միջազգային համագործակցության Մոսկովյան կենտրոն» պետական ունիտար ձեռնարկության նախաձեռնությամբ և ՀՀ-ում ՌԴ դեսպանության ու Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։
«Մոսկվային ու Երևանին միավորում է բազմադարյա եղբայրական, գործընկերային հարաբերությունների պատմությունը, հոգևոր մտերմությունը, միմյանց ավանդույթների ու սովորույթների նկատմամբ անկեղծ հետաքրքրությունը: Այսօր նույնպես երկու երկրները շարունակում են զարգացնլ ու ամրապնդել բազմակողմանի գործընկերային hարաբերությունները: Այս գործակցության շրջանակում կարևոր է նաև «Դոմ Մոսկվի» կենտրոնի դերը, որը նպաստում է մշակութային, դաստիարակչական, գործարար, հումանիտար կապերի զարգացմանը մեր երկրների մայրաքաղաքների միջև, աջակցում է ռուսաց լեզվի մասսայականացմանը, զարգացնում երկու քաղաքների ու պետությունների միջև զբոսաշրջությունը։ Վստահ եմ, որ նման միջոցառումները կնպաստեն մշակութային երկխոսության զարգացմանը` դառնալով ռուս և հայ ժողովուրդների դարավոր բարեկամության հերթական վառ ապացույցը», -«Դոմ Մոսկվի»-ի լրատվական բաժնի փոխանցմամբ՝ նշել է Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։
Հայտնի շատ հայեր տեսաուղերձով շնորհավորել են մայրաքաղաքի տոնը և կարևորել Երևանում տոնական միջոցառումների անցկացումը։