Հանրապետությունում վերջին 4 օրերին արձանագրվել է ալկոհոլային թունավորման 38, մահվան՝ 14 դեպք։
ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ ալկոհոլային թունավորման դեպքերից տուժածները բուժում են ստանում հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում:
38 դեպքից 25-ը Արմավիրի մարզից են, 12-ը` Երևանից, 1-ը` Կոտայքի մարզից: Ցավոք, նաև գրանցվել է մահվան 14 դեպք:
Նշվում է, որ իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ Արմավիրի մարզի տուժածների թունավորման հավանական աղբյուր է հանդիսացել մեկ վայրից ձեռք բերված ոչ գործարանային արտադրության օղու օգտագործումը, Երևանի դեպքերից տուժածների մեծամասնությունն օգտագործել է բժշկական սպիրտ` որպես օղու փոխարինիչ, մյուս մասի, ինչպես նաև Կոտայքի մարզում արձանագրված դեպքից տուժածի օգտագործած սպիրտի տեսակը պարզելու համար համաճարակաբանական հետազոտությունները շարունակվում են:
Ի դեպ, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, որը սեպտեմբերի 1-ին լաբորատոր փորձաքննության նպատակով, նմուշառում էր կատարել Արմավիրի մարզում 11 մարդու մահվան պատճառ դարձած տնայնագործ պայմաններում պատրաստված օղու բռնագրավված խմբաքանակից՝ հայտնում է փորձաքննություն արդյունքների մասին։
Ըստ այդմ՝ հաստատվել է թունավորման ախտանիշներով պայմանավորված նախնական վարկածը, այն է՝ օղիում առկա է մեթիլ սպիրտ, որի տոկոսը բազմակի անգամ գերազանցում է ԵԱՏՄ կանոնակարգերով հաստատված առավելագույն թույլատրելի չափաքանակը:
Տեսչական մարմինը ևս մեկ անգամ կոչ է անում քաղաքացիներին զերծ մնալ անհայտ ծագման ոգելից խմիչքներ օգտագործելուց և հիշեցնում, որ անհայտ ծագման խմիչքների շրջանառությունն արգելվում է։