Արմավիրում և Երևանում վերջին 3 օրերին ալկոհոլից թունավորման հետևանքով 14 մարդ է մահացել․ նախարարությունը հորդորում է չօգտագործել ոչ գործարանային ոգելից խմիչք - RadioVan.fm

Онлайн

Արմավիրում և Երևանում վերջին 3 օրերին ալկոհոլից թունավորման հետևանքով 14 մարդ է մահացել․ նախարարությունը հորդորում է չօգտագործել ոչ գործարանային ոգելից խմիչք

2020-09-02 17:04 , Общество, 1305

Արմավիրում և Երևանում վերջին 3 օրերին ալկոհոլից թունավորման հետևանքով 14 մարդ է մահացել․ նախարարությունը հորդորում է չօգտագործել ոչ գործարանային ոգելից խմիչք

Այսօր` ժամը 11:00-ի դրությամբ, Արմավիրի մարզում և Երևանում գրանցվել է ալկոհոլային թունավորման ևս 4 նոր դեպք, 1-ը՝ մահվան ելքով: Եւս մեկ տուժած, որն ընդունվել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց, սեպտեմբերի 1-ին մահացել է:

Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Տեղեկացվում է, որ ընդհանուր դեպքերի թիվն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում հասել է 27-ի, որից 14-ը՝ մահվան ելքով:

«27 դեպքից 20-ը (որից 9-ը՝ մահվան ելքով) գրանցվել են Արմավիրի մարզում: Արմավիրի մարզի մնացած 11 դեպքից 9-ը բուժում է ստանում «Արմենիա» ՀԲԿ-ում, 2-ը բժշկական զննությունից հետո դուրս են գրվել: Բոլորն էլ օգտագործել են նույն վայրից ձեռք բերված ոչ գործարանային արտադրության օղի: Հանրապետությունում արձանագրված 27 դեպքից 7-ը արձանագրվել է Երևանում: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ այս դեպքերը կապ չունեն Արմավիրի դեպքերի հետ: Դրանցից 5-ը մահվան ելքով են, 1-ը բուժում է ստանում թիվ 1 համալսարանական հիվանդանոցում, 1-ը՝ «Արմենիա» ՀԲԿ-ում: Տուժածների մի մասն օգտագործել է բժշկական սպիրտ` որպես օղու փոխարինիչ, մյուս մասի օգտագործած սպիրտի տեսակը պարզելու համար համաճարակաբանական հետազոտությունները շարունակվում են»,-ասված է առողջապահական գերատսչության տարածած հաղորդագրությունում:

Նկատի առնելով, որ դժբախտ ելքերով թունավորումների հավանական աղբյուրը ոչ գործարանային արտադրության օղու և բժշկական սպիրտի օգտագործումն է՝ առողջապահության նախարարությունը կոչ է անում զերծ մնալ և չօգտագործել անհայտ ծագման, ոչ գործարանային արտադրության ոգելից խմիչք։

Նախարարությունը հիշեցնում է՝ Էթիլ սպիրտից սուր թունավորման ախտանշաններն են՝ գրգռում, սրտխառնոց, փսխում, որովայնի ցավ, գլխացավ և գլխապտույտ, նիստագմ, դիպլոպիա, թույլ համակենտրոնացում, անհավասարակշռություն, քնկոտություն, ատաքսիա, կոմա, ցնցումներ, շնչառության խանգարում, ճնշման իջեցում, սրտի դանդաղ աշխատանք, մարմնի ջերմաստիճանի իջեցում, հիպոգլիկեմիա:

Մեթիլ սպիրտի պարագայում, կախված թունավոր նյութերի քանակությունից, թունավորման ախտանշանները կարող են ի հայտ գալ մի քանի ժամից մինչև 1-2 օրվա ընթացքում։ Հիմնական ախտանշաններն են՝ գլխապտույտ և գլխացավ, սրտխառնոց և փսխում, մկանային, հոդերի և որովայնի ցավ, գիտակցության մթագնում, քնկոտություն, լուսավախություն, սպեցիֆիկ ազդեցություն տեսողության վրա՝ ընդհուպ մինչև կուրություն, արյան մեջ հեմոգլոբինի և էրիթրոցիտների մակարդակի բարձրացում, իսկ մեզի մեջ սպիտակուցների և հիալինային գլանների հայտնաբերում։

Վերոնշյալ ախտանշանների ի հայտ գալու պարագայում անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի և չզբաղվել ինքնաբուժմամբ։

Лента

Рекомендуем посмотреть