Խնամքի կարիք ունեցող տարեցների համար պետական միջոցներով ձեռք են բերվել ոչ պիտանի տներ․ հարուցվել է քրեական գործ - RadioVan.fm

Онлайн

Խնամքի կարիք ունեցող տարեցների համար պետական միջոցներով ձեռք են բերվել ոչ պիտանի տներ․ հարուցվել է քրեական գործ

2020-09-02 17:00 , Право, 1368

Խնամքի կարիք ունեցող տարեցների համար պետական միջոցներով ձեռք են բերվել ոչ պիտանի տներ․ հարուցվել է քրեական գործ

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ լրատվամիջոցի հրապարակման հիման վրա պետական շահերի պաշտպանության վարչությունում նախաձեռնված ուսումնասիրության շրջանակներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից պահաջնվել և ստացվել են փոքր տների ձեռքբերման նպատակով կատարված գնման գործընթացի վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «հրատապ մեկ անձ» ռեժիմով փոքր տներ ձեռք բերելու նպատակով, ՀՀ կառավարության կողմից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացվել է գումար՝ յուրաքանչյուր տան ձեռքբերման նախահաշվային գինը սահմանելով 27.000.000 ՀՀ դրամ։ Այդ նպատակով, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գլխավոր քարտուղարի հրամանով սահմանվել է պատասխանատու ստորաբաժանում և ձևավորվել գնահատող հանձնաժողով։

«Հայտարարված գնման ընթացակարգով փոքր տների մատակարարման համար հայտ է ներկայացրել N ՍՊԸ-ն, վերջինս գնահատող հանձնաժողովի կողմից ճանաչվել է հաղթող՝ երկու տուն մատակարարելու համար՝ համապատասխանաբար 26.950.000 ՀՀ դրամ և 26.730.000 ՀՀ դրամ գնային առաջարկներով։

Նախարարության և ընկերության միջև 2019թ. կնքված՝ անշարժ գույքի մատակարարման պայմանագրով ընկերությունը պարտավորվել է նախարարությանը մատակարարել փոքր տները, որոնք պետք է ունենան առնվազն երկու սանհանգույց և պետք է պիտանի լինեն բնակության համար։

Նախարարության ներկայացուցչի կողմից տրվել է պայմանագրի կատարման արդյունքի վերաբերյալ առանց ամսաթվի թվագրման դրական եզրակացություն, անհամապատասխանությունների մասին գրառումներ չեն կատարվել և պայմանագրով նախատեսված գումարն ամբողջությամբ վճարվել է ընկերությանը։

Նախարարության ներկայացուցչի և ընկերության տնօրենի միջև կնքվել է հանձման-ընդունման ակտ, որով, ի թիվս այլնի, արձանագրվել է, որ պայմանագրի շրջանակներում ընկերությունը նախարարությանն է հանձնել երկու առանձնատուն, որոնք պիտանի են բնակության համար և ունեն երկու սանհանգույց։

Մինչդեռ, ըստ նախնական տվյալների՝ պարզվել է, որ ձեռք բերված տներից մեկի տանիքն ու բնակելի հատվածն ունեն վերանորոգման կարիք, իսկ մյուսն ունի խիստ վերանորոգման կարիք՝ պատուհանները հին են ու փայտից, տեղ-տեղ բացակայում են դրանց ապակիներն ու փոխարենը փակցված են պոլիէթիլենային տոպրակներ, տանիքը վնասված է, առաջին հարկը անխնամ տեսք ունի, խոնավությունից թափված է պատերի, առաստաղի ծեփը, վնասված է հատակը, պատշգամբը և առաջին հարկից բարձրացող աստիճանները չունեն նորմալ բազրիքներ, առաջին հարկում թեև կան սանհանգույցի համար նախատեսված տեղեր, սակայն, միայն դատարկ պատեր են, ներսում վիճակը բարվոք չէ։

Լրատվամիջոցի հրապարակման մեջ առկա և նախարարության կողմից տրամադրված տեղեկությունների համադրությունը վկայում է, որ փոքր տները չեն համապատասխանում պայմանագրով սահմանված չափորոշիչներին, մինչդեռ այդ պայմաններում կազմվել է առանց ամսաթվի թվագրման կեղծ եզրակացություն, որում մտցվել են մատակարարված ապրանքները չափորոշիչներին համապատասխանելու մասին ակնհայտ կեղծ տեղեկություններ, որի հիման վրա դրանք ընդունվել են։ Արդյունքում կազմվել է պայմանագրի արդյունքը գնորդին հանձնելու փաստը ֆիքսելու վերաբերյալ կեղծ ակտ, որով արձանագրվել է ընկերության կողմից պայմանագրով նախատեսված չափորոշիչներին բավարարող երկու առանձնատան հանձնում-ընդունումը։

Այսինքն, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, պաշտոնեական կեղծիքի կատարմամբ ձեռք են բերվել չափորոշիչներին չհամապատասխանող ապրանքներ, որոնց դիմաց անհիմն վճարվել է 53.680.000 ՀՀ դրամ, իսկ «հրատապ մեկ անձ» կարգով ձեռք բերված առանձնատները կացարանի ու խնամքի կարիք ունեցող տարեցներով բնակեցված չեն»,-մանրամասնում են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ նշելով, որ դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:

Лента

Рекомендуем посмотреть