Հայկական երկրորդ հանրապետությունն այսօր տոնում է Հանրապետության օրը, այն 29 տարեկան է:
1991 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նիստում հռչակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
«Այս կարևորագույն պետական տոնը մենք կերտել ենք միասին՝ ազգովի, համայն հայության ջանքերի համատեղման, մեր հայրենիքի, նախնիների հիշատակի և սերունդների ապագայի հանդեպ ունեցած մեծագույն պատասխանատվության, մեր խիզախության ու տոկունության շնորհիվ: Կերտել ենք՝ մտքում փայփայելով ազատ, անկախ ու երջանիկ երկիր ունենալու երազանքը: Այսօր մեր ժողովուրդն այդ նվիրական երազանքի իրականացման ճանապարհին է»,-ողջ հայ ժողովրդին շնորհավորելով տոնի առթիվ իր ուղերձում նշել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ համոզմունք հայտնելով, որ այդ ճանապարհը կանցնեն հաջողությամբ, որովհետև կառուցում, շենացնում ու պաշտպանում են հայրենի հողը՝ ստեղծելով անհրաժեշտ պայմաններ քաղաքացիների արժանավայել կյանքի համար:
«Մենք դա կանենք մեր և մեր զոհված ընկերների՝ մեր ժողովրդի հերոս զավակների փոխարեն: Դա բոլորիս սրբազան պարտքն է:
Հավե՜րժ փառք ու պատիվ մեր բոլոր նահատակներին, ում կյանքի գնով իրականություն է դարձել այս պանծալի տոնը:
Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը:
Կեցցե՛ հայ ժողովուրդը»,-Արցախի Հանրապետության օրվա առթիվ հղած ուղերձում նշել է Արցախի նախագահը, ով այսօր ամփոփելու է պատոնավարման 100 օրը։