Խորհրդանշական «Սեպտեմբերի 1-ը» դիմավորելու են 14 օրից․ Գիտելիքի օրն առանց դասերի, բայցև՝ շնորհավորական ուղերձներով - RadioVan.fm

Онлайн

Խորհրդանշական «Սեպտեմբերի 1-ը» դիմավորելու են 14 օրից․ Գիտելիքի օրն առանց դասերի, բայցև՝ շնորհավորական ուղերձներով

2020-09-01 18:20 , Общество, 3038

Խորհրդանշական «Սեպտեմբերի 1-ը» դիմավորելու են 14 օրից․ Գիտելիքի օրն առանց դասերի, բայցև՝ շնորհավորական ուղերձներով

Այսօր Գիտելիքի և դպրության օրն է, որը, սակայն, ընթանում է առանց դասերի․ ՀՀ կառավարության որոշմամբ` հերթական անգամ երկարաձգված արտակարգ դրության ռեժիմն ավարտվում է սեպտեմբերի 11-ին, որով էլ պայմանավորված` հանրակրթական դպրոցներում սեպտեմբերի 1-ի փոխարեն այս տարի դասերը կսկսվեն սեպտեմբերի 14-ից։ Ընդ որում, կուտակումներից խուսափելու համար առաջին դասարանցիները դպրոց կգնան սեպտեմբերի 14-ին, մյուս դասարանների սովորողները՝ սեպտեմբերի 15-ին։

«Հանրապետությունում կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջացած վիճակն այսօր հնարավորություն չի ընձեռում այս հիշարժան օրն այցելել դպրոց։ Ցավալիորեն, առաջին դասարանցիները ևս ստիպված են սեպտեմբերի 1-ն անցկացնել առանց ուսումնական հաստատություն մուտք գործելու։

Այնուհանդերձ, վերլուծելով համավարակի զարգացման ընթացքը, որոշում ենք կայացրել ընդամենը մի քանի օր անց բացել դպրոցները և հակահամաճարակային կանոնների պահպանմամբ ապահովել ուսումնառության գործընթացը։

Միաժամանակ, ուրախ եմ, որ սեպտեմբերի 1-ից մասամբ իրենց գործունեությունն են սկսում բուհերը և առաջին կուրսեցիները մուտք են գործում կյանքի նոր փուլ՝ լրացնելու ու հարստացնելու կոնկրետ մասնագիտական գիտելիքները։

Միաժամանակ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մանկավարժներին՝ նախորդ ուսումնական տարում հեռավար կրթության գործիքներին տիրապետելու և բարձր մակարդակով իրականացնելու համար»,-գիտելիքի և դպրության օրվա առթիվ աշակերտներին, ուսանողներին,մանկավարժներին և ծնողներին հղած շնորհավորական ուղերձում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ պետք է սովորենք նոր գիտելիքների արդյունքում փոխել աշխարհը, փոխել մեր երկիրը, փոխել մեր գյուղը, փոխել մեր կենցաղը՝ դեպի ավելի լավն ու առավել նորարարականը։

Շնորհավորական ուղերձներ են հղել նաև նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

«Գիտելիքը երկսայր սուր է։ Այն կարող է օգնել, բայց և՝ վնասել, եթե չի հենվում մարդկային բարձրագույն արժեքների և բարոյականության վրա, որոնց հիմքում սերն է առ մարդը և առ բնությունը, սերն ու նվիրվածությունն առ Հայրենիքը, առ սեփական պատմությունը և ժողովուրդը»,-իր ուղերձում նշել է նախագահ Սարգսյանը՝ նկատելով, որ այսօրվա սերունդը հնարավորություն ունի գիտելիքի ուժով հաղթահարել դժվարությունները ոչ միայն դասական ուղիներով, այլև նորագույն տեխնոլոգիաներ օգտագործելով, ստեղծելով ու դրանց տիրապետելով։

Նախարար Արայիկ հարությունյանն էլ Գիտելիքի օրվա կապակցությամբ հղած իր շնորհավորական ուղերձում ընդգծել է, որ կրթության նպատակը բանիմաց և օրինապահ քաղաքացի ձևավորելն է։

«Հեշտ չտրվեց մեզ անցած ուսումնական տարին. անսպասելի մարտահրավերները, պայմանավորված կորոնավիրուսի համաճարակով, առաջ բերեցին նոր խնդիրներ՝ դրանց նոր ու հրատապ լուծումներ գտնելու հրամայականով։ Թերևս սա է պատճառը, որ այսօր դպրոցների բակերում երեխաների աղմուկն ու աշխուժությունը չկան, սակայն համավարակը մեզ չի կարող զրկել կրթության իրավունքն ապահովելու հաստատակամությունից, և մեր աշակերտները խորհրդանշական «Սեպտեմբերի 1-ը» դիմավորելու են 14 օրից»,-նշել է կրթամշակութային գերատեսչության ղեկավարը։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть