Սևանա լճի ափամերձ հատվածներում ապօրինի շենք-շինությունների ապամոնտաժումը գործնական փուլում է։ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը երեկ «Հայկական ժամանակ»-ի հայտնել է, որ 10 օրից մրցույթ կհայտարարվի:
Հաղթողին, ըստ նախարարի՝ պետությունը կպատվիրի 32 համայնքային և պետական սեփականության շենք-շինությունների քանդման աշխատանքներ, որոնք գտնվում են թույլատրելի կառուցապատման 1905 մետր նիշից ցածր: Այդ շենք-շինությունների մեջ հիմնականում ներառված են պոմպակայաններ, ինչպես նաև Նկարիչների միության Սևանի հանգստյան տան մի մասնաշենքը: Պետրոսյանն ասաց, որ առնվազն 1.5-2 ամսից դրանց քանդման աշխատանքները պաշտոնապես կմեկնարկեն:
Նշենք, որ Սևանա լճի բնության հատուկ պահպանվող՝ ափամերձ տարածքներում՝ թույլատրելի կառուցապատման 1905 մետր նիշից ցածր հատվածներում կառուցված ապօրինի ընդհանուր 3800 շենք-շինություններ ենթակա են ապամոնտաժման և քանդման։
Այդ 3800 շենք-շինությունների մեջ ներառված են նաև մի շարք նախկին և ներկա պաշտոնյաների՝ մասնավորապես՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի, ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի առանձնատների վերոնշյալ նիշը գերազանցող հատվածը:
Ռոմանոս Պետրոսյանն ընդգծեց՝ Կառավարությունը ցանկանում է կարգի բերել Սևանա լճի առափնյա շրջանների քաղաքաշինական և հողաշինական անընդունելի իրավիճակը: Նա հավելեց, որ Սևանա լիճը բնության և Աստծո կողմից տրված պարգև է ժողովրդին ու պետությանը և բնա՛վ արժանի չէ այն վիճակին, որում այսօր գտնվում է: