Շվեյցարիայի քաղաքներից մեկում հրուշակեղենի գործարանում անսարքության պատճառով «շոկոլադե անձրև» է տեղացել, գրում է Daily Mail պարբերականը։

Աղբյուրը մանրամասնում է, որ խոսքը Lindt & Sprüngli գործարանի մասին է, որը հաստատել է, որ օդափոխման համակարգի խափանման հետևանքով Օլթեն քաղաքով մեկ կակաոյի փոշի է տարածվել։ Ընկերության ներկայացուցիչները պարզաբանել են, որ կակաոյի փոշին ամբողջ քաղաքով տարածել է ուժեղ քամին։

Գործարանի աշխատակիցներն ընդգծում են, որ կակաոյի փոշին շրջակա միջավայրի համար որևէ վտանգ չի ներկայացնում։ Նշվում է, որ օդափոխման համակարգն արդեն ամբողջովին վերանորոգվել է։

Lindt & Sprüngli-ի ներկայացուցիչները խոստացել են իրենց վրա վերցնել տրանսպորտի և փոշով պատված քաղաքի այլ հատվածների մաքրման աշխատանքների ծախսերը։