88 տարեկան հասակում կյանքից հեռացել է բանասիրական գիտությունների դոկտոր Խաչիկ Բադիկյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայոց լեզվի պատմության ամբիոնի վարիչ Աննա Աբաջյանը։
«Կյանքից հեռացել է լեզվաբանության մերօրյա վերջին մոհիկաններից մեկը՝ ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի վաստակաշատ պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր Խաչիկ Բադիկյանը:
Նա հեղինակ է բազմաթիվ հոդվածների, շուրջ մեկուկես տասնյակ գիտական աշխատանքների, մենագրությունների, բուհական դասագրքերի, բառարանների և այլն: Մեծ է լեզվաբանի ավանդը հատկապես հայերենի դարձվածաբանության ուսումնասիրության մարզում:
Անվանի գիտնականի, բարի ու ազնիվ ընկերոջ, սիրելի դասախոսի, լավ մարդու հիշատակը հավերժ կմնա նրան ճանաչողների հուշերում...
Խունկ և խոնարհում.... »,- գրել է նա։
Խաչիկ Բադիկյանը ծնվել է 1932 թ. մարտի 15-ին Շիրակի մարզի Աշոցքի Սիզավետ գյուղում։ 1951 թ. ավարտել է Գյումրիի Հ. Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցը։ 1955 թվականին ավարտել է Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ 1957-1962 թվականներին աշխատել է Վարդենիսի շրջանի Ծովակ գյուղի, Արմավիրի մարզի Մարգարա գյուղի և Սովետական ավանի միջնակարգ դպրոցներում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, ուսմասվար, ապա և դպրոցի տնօրեն։
1962 թվականին ընդունվել է ՀՀ ԳԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվաբանության ինստիտուտի ասպիրանտուրա։ Միաժամանակ դասավանդել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտում և Ակսել Բակունցի անվան մանկավարժական ուսումնարանում։ 1967 թվականին պաշտպանել է գիտական թեզ, ստացել է բանասիրական գիտությունների թենածուի գիտական աստիճան։ 1969-1977 թվականներին աշխատել է որպես ավագ դասախոս ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում, 1973-1976 թվականներին եղել է ֆակուլտետի դեկանի տեղակալ։
1976 թվականին ստացել է դոցենտի կոչում։ 1977-1991 թվականներին կրկին աշխատել է ԳԱ լեզվաբանության ինստիտուտում։ 1999 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Ժամանակակից հայերենի դարձվածային միավորներ» թեմայով։ 1991 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում։
1991 թվականից աշխատել է ԵՊՀ-ում։ 1985-1997 թվականներին համատեղության կարգով դասավանդել է Էջմիածնի Հոգևոր ճեմարանում։ 1998-2006 թվականներին համատեղության կարգով աշխատել է Գավառի պետական համալսարանում։ 2002 թվականին աշխատում է «Հրաչյա Աճառյան» համալսարանում, 2004 թվականից որպես հայոց լեզվի ամբիոնի վարիչ։ 1969-2006 թվականներին տարբեր տարիներ մասնակցել է հայագիտական մի քանի միջազգային ու հանրապետական գիտաժողովների. կարդացել է զեկուցումներ, հրատարակել հոդվածներ։ 1999 թվականի հուլիսին զեկուցում է կարդացել Փարիզի Սորբոնի համալսարանում կազմակերպված հայագիտական 6-րդ գիտաժողովում՝ Հայերենի դարձվածների վերաբերյալ։
Հրատարակել է 19 մենագրություն և 150-ից ավելի հոդվածներ ու գրախոսություններ։
Պարգևատրվել է «Աշխատանքի վետերան» մեդալով և ԳԱ ու ԵՊՀ պատվոգրերով։
Եղել է մոտ 2 տասնյակ թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների ընդդիմախոս։ Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է 5 ատենախոսություն։