ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն արգելել է աշխատակազմին օգտվել հայկական ավիափոխադրողների ծառայություններից. դրանք ԵՄ «սև ցուցակում» են - RadioVan.fm

Онлайн

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն արգելել է աշխատակազմին օգտվել հայկական ավիափոխադրողների ծառայություններից. դրանք ԵՄ «սև ցուցակում» են

2020-08-13 23:16 , Политика, 1400

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն արգելել է աշխատակազմին օգտվել հայկական ավիափոխադրողների ծառայություններից. դրանք ԵՄ «սև ցուցակում» են

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել՝ աշխատակազմին տեղեկացնելով պաշտոնական թռիչքների դեպքում հայկական ավիափոխադրողների ծառայություններից օգտվելու արգելքի մասին:

Տարածած հաղորդագրությունում նշվում է, որ 2020 թվականի հունիսին Եվրոպական միությունը (ԵՄ) հայկական բոլոր ավիափոխադրողներին ներառել է ԵՄ օդային անվտանգության, այլ կերպ ասած՝ «սև» ցուցակում՝ ՀՀ-ում հավաստագրված ավիափոխադրողների անվտանգության վերահսկողության վերաբերյալ մտահոգության պատճառով:

«Այս սահմանափակումը, որն ուժի մեջ կմնա առնվազն մինչև 2022 թվականը, արդյունավետորեն արգելում է հայկական բոլոր ավիափոխադրողների թռիչքները դեպի ԵՄ երկրներ:

Հաշվի առնելով այս հանգամանքը, ՀՀ-ում ԱՄՆ կառավարության աշխատակազմին արգելվում է պաշտոնական թռիչքների դեպքում օգտվել հայկական ավիափոխադրողներից: Սա ներառում է ստորև բերված սուբյեկտները, բայց չի սահմանափակվում դրանցով՝ Aircompany Armenia, Armenia Airways, Armenian Helicopters, Atlantis Armenian Airlines, Atlantis European Airways, Mars Avia և Skyball»,-ասված է դեսպանության տարածած հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ հունիսի 2-ին հայտնի դարձավ, որ Եվրոպական հանձնաժողովը Հայաստանի ավիաընկերությունները ներառել է ԵՄ թռիչքների անվտանգության թարմացված ցանկում, այլ կերպ ասած ՝ «սև ցուցակում»։ Դա նշանակում է, որ Եվրոպական միության շրջանակում շահագործման արգելքը տարածվում է հայկական ավիաընկերությունների վրա, քանի որ դրանք չեն համապատասխանում անվտանգության միջազգային չափանիշներին։

Որոշումը կայացվել էր Հայաստանի քաղավիացիայի կոմիտեի և հայկական 6 ավիափոխադրողների աշխատանքի վերլուծությունից հետո։ «Սև ցուցակում» Հայաստանը հայտնվել է այնպիսի երկրների կողքին, ինչպիսիք են Աֆղանստանը, Անգոլան, Կոնգոն, Նեպալը, Սուդանը և այլն:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть