Զբոսաշրջային ոլորտը կառավարությունից աջակցություն կստանա - RadioVan.fm

Онлайн

Զբոսաշրջային ոլորտը կառավարությունից աջակցություն կստանա

2020-08-13 22:03 , Политика, 1072

Զբոսաշրջային ոլորտը կառավարությունից աջակցություն կստանա

Զբոսաշրջային ոլորտի ծառայությունները՝ այդ թվում՝ կացության կազմակերպում, հանրային սննդի կազմակերպում, զբոսաշրջային գործակալությունների և օպերատորների գործունեություն, տեղերի ամրագրում, կառավարությունից աջակցություն կստանան․ այդ նպատակով գործադիրն այսօրվա նիստում հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառումը։

Հիմնական զեկուցող էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը գաղտնիք չի համարել, որ կորոնավիրուսի համաճարակի տարածումը հատկապես մեծ ազդեցություն է թողել զբոսաշրջության ոլորտին առնչվող ծառայությունների բնագավառում:

«Ընդհանուր առմամբ, ըստ վերջին ամիսների տվյալների, նշված ոլորտներում ծառայությունների մատուցումից եկամուտները նախորդ տարվա նույն ամիսների համեմատությամբ կրճատված են ավելի քան երկու անգամ»,-նշել է նախարարը՝ այդ կազմակերպությունների համար ամենակարևոր խնդիրներից մեկը համարելով աշխատատեղերի պահպանումը։

Ըստ այդմ՝ աջակցությունը կտրվի նշված ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների աշխատակազմի և աշխատատեղերի պահպանման և այդ աշխատատեղերի ավելացման խթանման նպատակով։

Էկոնոմիկայի նախարարը շեշտել է՝ աջակցությունից կօգտվեն այն կազմակերպությունները, որոնք ունեն առնվազն երեք աշխատակից և ստեղծվել են ոչ ուշ, քան 2020 թվականի մարտի 31-ը:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ որոշման նախագիծը բավականին երկար ժամանակ ամենատարբեր ձևաչափերով քննարկվել է կառավարությունում: Գործադիրի ղեկավարի խոսքով՝ կորոնավիրուսի պատճառով այս ոլորտը մեծ վնասներ է կրել, և կառավարությունն այս ձևով փորձում է աջակցել, որպեսզի այդ ընկերություններն իրենց մրցունակությունը պահպանեն մինչև շուկայի հնարավոր վերականգնումը՝ մոտավոր ժամկետը 2021 թ. ապրիլն է:

«Այստեղ վիճահարույց մի քանի հարցեր են եղել: Առաջինը եղել է հետևյալ հարցադրումը, որ այսօր, օրինակ, մարզերում այդ հյուրատները, հյուրանոցներն աշխատում են ծանրաբեռնված ռեժիմով, մյուս պարագայում՝ Երևանում գրեթե զրոյական է: Ինչքանո՞վ է նպատակահարմար հավասարության նշան դնել այդ երկու բիզնեսների միջև: Ես այս մտահոգությունը, քանի որ ենթադրում եմ որոշման ընդունումից հետո էլ այդպիսի շեշտադրումներ կլինեն, ուզում եմ արձանագրել: Ըստ էության, մենք այս որոշումով աջակցում ենք ոչ թե ինքնին բիզնեսին, այլ բիզնեսներում աշխատատեղերի պահպանմանը և նոր աշխատատեղերի բացմանը: Եթե, օրինակ` մարզային որևէ մի այդպիսի ընկերություն հիմա ծանրաբեռնված աշխատում է, ունի շահույթ, հաճախորդներ, ապա այս աջակցությունը կօգնի վերջինիս, ասենք, մեկ-երկու նոր աշխատատեղ ստեղծել, իսկ վատ վիճակում գտնվողներին կօգնի աշխատատեղերը պահպանել: Այսինքն՝ իրականում այս աջակցության վերջանական շահառուները ոլորտի աշխատողներն են, որոնց մենք այսպիսով օգնում ենք աշխատատեղերը պահպանելու հարցում:

Նաև այսպիսի մի տրամաբանություն կար, թե կան բիզնեսներ, ոլորտի ընկերություններ, որոնք այս ընթացքում այդքան էլ շատ չեն տուժել և կան որ շատ են տուժել: Եվ ինչքանով է ճիշտ շատ և քիչ տուժածներին նույն չափ օգնել: Այստեղ էլ մենք հետևյալ փաստարկն ունենք, որ հնարավոր է՝ կան ոլորտի ընկերություններ, ովքեր ստեղծագործական և ստեղծարար ինչ-որ ծրագրերով կարողացել են այս ճգնաժամի պայմաններում ավելի լավ վիճակում գտնվել, քան մյուսները, որոնք այդքան ստեղծագործաբար չեն մոտեցել խնդրին: Եթե մենք միայն շատ տուժածի չափանիշը դնենք, կստացվի, որ ստեղծարար բիզնեսին մենք ասում ենք՝ քանի որ դու ստեղծարար ես, մենք չենք ուզում քեզ աջակցել, իսկ մյուսը, որ պակաս ստեղծարար է, նրան կաջակցենք, ինչը մեր տրամաբանությունից դուրս է»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հաջորդ առաջարկը, ըստ վարչապետի, եղել է զրկել այս աջակցությունից այն ընկերություններին, որոնք տեսչական մարմինների ստուգումներով պարզվում է հակահամաճարակային կանոնները չեն պահպանում: «Քննարկումների արդյունքում եկել ենք այն եզրակացության, որ դա կբարդացնի ընթացակարգերը: Այնուամենայնիվ, կարծում եմ՝ մենք պետք է լծակ ունենանք դուրս թողնելու ծրագրից այն ընկերություններին, որոնք շարունակաբար և չարամիտ կերպով կխախտեն այդ հակահամաճարակային կանոնները: Շատ կարևոր է, որ գործընկերությունը լինի ամբողջական: Այս աջակցության ծրագրով մենք օգնում ենք, որպեսզի այդ բիզնեսը շարունակի գոյություն ունենալ, բայց ճիշտ չի լինի, եթե այդ բիզնեսը մեր աջակցությամբ գոյություն ունենա և նպաստի համաճարակի տարածմանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Лента

Рекомендуем посмотреть