Մանկատան 163 շրջանավարտներին հատկացված բնակարանները սեփականության իրավունքով կնվիրաբերվի նրանց - RadioVan.fm

Онлайн

Մանկատան 163 շրջանավարտներին հատկացված բնակարանները սեփականության իրավունքով կնվիրաբերվի նրանց

2020-08-13 18:57 , Политика, 859

Մանկատան 163 շրջանավարտներին հատկացված բնակարանները սեփականության իրավունքով կնվիրաբերվի նրանց

Մանկատան 163 շրջանավարտների՝ 2003-2015 թթ. հատկացված բնակարանները սեփականության իրավունքով կնվիրաբերվի նրանց։ Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։

Հիմնավորման համաձայն՝ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված կարգով 2003-2015թթ. ընթացքում «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի շրջանակում շահառու ճանաչված 166 անձանց տրամադրվել են բնակարաններ: ՀՀ կառավարության վերոհիշյալ որոշման համաձայն բնակարանները տրամադրվում էին անհատույց օգտագործման իրավունքով` 10 տարի ժամկետով, որի համաձայն տվյալ բնակարանը հետագայում կարող էր մասնավորեցվել օրենքով սահմանված կարգով կամ տրվել վարձակալության: Այս տարիների ընթացքում այդ բնակարաններում բնակվող մանկատան նախկին շրջանավարտների կողմից ներկայացվել են բազմաթիվ դիմումներ դրանք մասնավորեցնելու խնդրանքով՝ հղում կատարելով պայմանագրի այն կետին, որով նախատեսվում էր նաև բնակարանի մասնավորեցման հնարավորություն: Կառավարության մեկ այլ որոշմամբ հերթացուցակում ներառված և բնակարաններ չստացած մնացյալ շահառուների համար նախատեսվում է բնակարանային խնդիրները լուծել բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու միջոցով: Ընդ որում, այդ նորմը տարածվում է նաև մանկատների 2014-2019թթ. շրջանավարտների վրա: Բնակարանի գնման վկայագրով հերթացուցակում ընդգրկված մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներն հնարավորություն է տրվում ձեռք բերել բնակարան՝ սեփականության իրավունքով: Այսպիսով, նույն կարգավիճակով անձինք ներկայումս հայտնվել են անհավասար պայմաններում: 2003-2015թթ. մանկատան 166 շրջանավարտների բնակարանային խնդիրը լուծվել է 10 տարվա անհատույց վարձակալության պայմանագրի միջոցով, իսկ ներկայումս մանկատան շրջանավարտներին բնակարանները տրամադրվում են անհատույց՝ սեփականության իրավունքով: Միանման մոտեցման անհրաժեշտությամբ պայմանավորված առաջարկվում է 2003-2015թթ. ընթացքում ծրագրի շրջանակում շահառու ճանաչված 163 ընտանիքների հատկացված բնակելի տարածությունը կամ բնակարանը նվիրաբերել դրանք զբաղեցրած մանկատան շրջանավարտներին, իսկ 3 շրջանավարտներին առաջարկվում է տրամադրել բնակարանի գնման վկայագրեր, քանի որ նրանց զբաղեցրած շենքերի տեխնիկական վիճակը դեռևս 2003-2004թթ, այսինքն մինչ պայմանագրերի կնքումը, գնահատվել են 3-րդ աստիճանի վնասվածության և այդ շենքերն անհատույց օգտագործման պայմանագրով զբաղեցրած անձինք իրենց դերակատարումը չունեն շենքերի այդ վիճակում հայտնվելու հարցում:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հստակեցրել է՝ հաստատված նախագծով լուծվելու է 1991-2019 թթ. մանկատան շրջանավարտների բնակարանային խնդիրները։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է՝ ճի՞շտ է հասկանում, որ մինչև 2019 թվականը ներառյալ, մանկատների բնակարան չունեցող բոլոր շրջանավարտներին տրամադրվելու է այն: Զարուհի Բաթոյանը դրական պատասխան է տվել:

«Բոլոր այն քաղաքացիները, որոնք շրջանավարտ են եղել 1991-ից 2019 թվականը, ովքեր չունեն սեփականություն, կունենան բնակարան»,- ասել է նա:

Лента

Рекомендуем посмотреть