«Ես, երևի, այդպես էլ մնացել եմ այն թույլ կինը, որը կայի ի սկզբանե»․ Լուկաշենկոյի մրցակից Տիխանովսկայան հեռացել է Բելառուսից - RadioVan.fm

Онлайн

«Ես, երևի, այդպես էլ մնացել եմ այն թույլ կինը, որը կայի ի սկզբանե»․ Լուկաշենկոյի մրցակից Տիխանովսկայան հեռացել է Բելառուսից

2020-08-11 15:33 , Мир, 947

«Ես, երևի, այդպես էլ մնացել եմ այն թույլ կինը, որը կայի ի սկզբանե»․ Լուկաշենկոյի մրցակից Տիխանովսկայան  հեռացել է Բելառուսից

Բելառուսի վերընտրված նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայան լքել է երկիրը։

Պաշտոնական Վիլնյուսը հաստատել է, որ կին գործիչը Լիտվայում է։

«Սվետլանա Տիխանովսկայան անվտանգ է։ Նա գտնվում է Լիտվայում»,-թվիթերի իր միկրոբլոգում գրել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչուսը։

Օգոստոսի 9-ին կայացած նախագահի ընտրություններում պարտված կին թեկնածուն իր հերթին հրապարակած տեսաուղերձում նշում է, որ որոշումը շատ դժվար է եղել, այն կայացրել է ինքնուրույն։

«Մտածում էի նախընտրական քարոզարշավը կոփել է ինձ, այնքան ուժ է տվել, որ կկարողանամ հաղթահարել ամեն ինչ։ Բայց, երևի, այդպես էլ մնացել եմ այն թույլ կինը, որը կայի ի սկզբանե։ Ինքս ինձ համար շատ բարդ որոշում եմ կայացրել»,-տեսաուղերձում ասում է Տիխանովսկայան՝ նշելով, որ գիտի՝ շատերն իրեն կհասկանան, շատերը՝ կդատապարտեն, կքննադատեն, կատեն։

«Բայց Աստված չարասցե որևէ մեկը հայտնվի այնպիսի ընտրության դիմաց, որի առաջ ես եմ: Երեխաները մեր կյանքում ամենակարևորն են»,-շեշտում է Սվետլանա Տիխանովսկայան։

Հիշեցնենք՝ օգոստոսի 9-ին Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների արդյունքներով 6-րդ անգամ երկրի ղեկավար է ընտրվել Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ստանալով քվեների 80.23 տոկսը, ձայների քանակով երկորդ տեղում Սվետլանա Տիխանովսկայան է, նրա օգտին քվեարկել է 9.9 տոկոսը։

Բելառուսում նախագահի ընտրություններից հետո հակակառավարական բողոքի ալիք է բարձրացել։ Մինսկում երեկ 7 ժամ տևած բախումներից հետո ուժայինները ցուցարարներին հեռացրել են մայրաքաղաքի փողոցներից. արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և լուսաձայնային նռնակներ են կիրառվել, կա 1 զոհ:

«Ցուցարարներից մեկը փորձել է պայթուցիկը նետել իրավապահների ուղղությամբ, սակայն այն պայթել է ձեռքում»,-Euronews-ի հաղորդմամբ՝ հայտնել է Բելառուսի ներքին գործերի նախարարի խոսնակը: Բողոքի ակցիայի ժամանակ անկարգություններից տուժել են բազմաթիվ մարդիկ: Արդյունքներից դժգող քաղաքացիները այսօրվանից անժամկետ գործադուլ սկսելու կոչ են անում։

Մինչդեռ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հետընտրական բողոքի ակցիայի մասնակիցները ղեկավարվել են Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից և Չեխայից՝ հեռախոսակապի միջոցով:Նա ընդգծել է, որ թույլ չի տա երկրում «մայդան» անել, և երկիրը պառակտելու փորձերին ադեկվատ պատասխան կտա:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть