88-ի աղետի հիմնական պատճառները - RadioVan.fm

Онлайн

88-ի աղետի հիմնական պատճառները

2016-12-07 23:55 , Общество, 2299

88-ի աղետի հիմնական պատճառները

1988 թվական դեկտեմբերի 7, ժամը 11 անց 41րոպե 22,7 վայրկյան. ցնցվեցին Հայաստանի հյուսիսային շրջանները՝ ընդգրկելով ՀՀ տարածքի մոտ 40%-ը, ուր ապրում էր 1մլն. մարդ: Ավերիչ երկրաշարժը, որը հետագայում անվանվեց Սպիտակի երկրաշարժ, խլեց ավելի քան 25000 մարդու կյանք, անօթեւան դարձրեց 514 հազար մարդու, տարբեր աստիճանի վնասվածքներ ստացան մոտ 20000-ը: Ազգաբնակչության և փրկարարների ջանքերով փլատակներից՝ զոհված կամ կենդանի, հանվեց ավելի քան 45000 մարդ, հոսպիտալացվեց 12500-ը: Աղետից տուժեց 21 քաղաք և շրջան, 342 գյուղ:

Ավերվեց ՀՀ-ի ամբողջ բնակֆոնդի 17%-ը, 170 արդյունաբերական ձեռնարկություն դադարեց գործել, մեծ վնասներ հասցվեց նաև ճարտարապետական, պատմական, արվեստի հուշարձաններին, տուժեց ժողկրթության 917 օջախ:

Հետո արդեն պաշտոնապես հայտարվեցին նման մեծ վնասների պատճառները. Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության հրապարակմամբ՝ վնասների հիմնական պատճառներն են`

Հանրապետության ողջ տարածքում թերագնահատված էր սեյսմիկ վտանգը, քանի որ մասնագետների կողմից այդ գոտու սեյսմիկ վտանգը գնահատված էր 7-8 բալլ և դա այն դեպքում, երբ 1988թ երկրաշարժի ուժգնությունը Սպիտակում գնահատվեց 10, Ստեփանավանում` 9, Վանաձորում` 8-9 բալլ:

Աղետի հետևանքներն ուսումնասիրող հատուկ կառավարական հանձնաժողովը հայտնաբերել է, որ թույլ էին տրված որոշակի սխալներ շենքերի եւ կառույցների նախագծման ժամանակ: Այսինքն` խախտված էին սեյսմակայուն շինարարության չափանիշներն ու կանոնները:

Ցածր է եղել շինարարության որակը: Կոպտորեն խախտվել է շինարարության տեխնոլոգիան, շինանյութերը չեն համապատասխանել պետստանդարտին:

Երկրաշարժի ժամանակ Գյումրի քաղաքի տարածքում գետնի տատանման գերակշռող պարբերության մեծությունը կազմել է մոտավորապես 0,4-0,8 վրկ., որը շատ մոտ է բարձրահարկ շենքերի հիմնական ձևերի սեփական տատանումների պարբերությունների մեծություններին: Նման դեպքերում առաջ են գալիս, այսպես կոչված, ռեզոնանսային անցանկալի երևույթներ` բերելով տատանումների ամպլիտուդաների աճին եւ շատ հաճախակի շենքերի փլուզմանը:

Երկրաշարժի տեւողությունը (մինչեւ 5 րոպե) եւ կրկնվող ցնցման փաստը, որի դեպքում շինությունների մեծամասնությունը չհասցրեցին «վերականգնվել» հիմնական ցնցումից:

Տատանումների ուղղահայաց բաղադրիչների զգալիությունը:

Թերագնահատվել է տարածքի սեյսմիկ վտանգը, հաշվի չեն առնվել տեղանքի ինժեներա-երկրաբանական պայմանների առանձնահատկությունները:

Շատ զոհերի պատճառ դարձան փրկարական աշխատանքների ձգձգումն ու ոչ ժամանակին կազմակերպումը:

Ազգաբնակչության համապատասխան հմտությունների եւ իրազեկման բացակայությունը էքստրեմալ պայմաններում:

«Պետք է, թեև ուշացած, բայց հիմնավոր դասեր քաղել մեծ ողբերգությունից, քանի որ թույլ տրված սխալները անհաշիվ են, իսկ սխալներ թույլ տվողները` աններելի շատ»՝ վեր հանելով հազարավոր անտեղի զոհերի եւ մեծ ավերումների հիմնական պատճառները՝ ընդգծում են Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից:

Ավերիչ երկրաշարժից մոտ 3 տանսամյակ անց վերքերը, սակայն, դեռ սպիացած չեն: Աղետից տուժած ընտանիքներից 550-ը դեռ շարունակում է ապրել առանց տանիքի: Պատկան մարմինները վստահեցնում են՝ երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած բոլոր ընտանիքները ապահովված կլինեն բնակարանով 2018 թվականին:

Лента

Рекомендуем посмотреть