Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման նախագծերի վրա աշխատում է 60 ճարտարապետ - RadioVan.fm

Онлайн

Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման նախագծերի վրա աշխատում է 60 ճարտարապետ

2020-08-07 16:45 , Политика, 1032

Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման նախագծերի վրա աշխատում է 60 ճարտարապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել է Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման նախագիծը, որը գտնվում է դեռևս մշակման փուլում:

Զեկուցվել է, որ կառուցապատման ընդհանուր տարածքը կազմում է 58 հազար քմ, իրացվել է 49 հազար քմ, 9 հազար քմ տարածքը գտնվում է իրացման փուլում: Արդեն իսկ փոխհատուցվել է 378 ընտանիքի, ընթացքի մեջ է 50 ընտանիքի փոխհատուցման գործընթացը: Քննարկման ընթացքում նշվել է, որ կառուցապատման նախագծերի վրա աշխատում է 7 ճարտարապետական խումբ՝ 60 ճարտարապետներով:

Փոխհատուցման ծավալը կազմում է 60 մլն դոլար, իսկ ընդհանուր թաղամասի կառուցպատման ներդրումային արժեքը գնահատվում է 300 մլն դոլար: Ակնկալվում է, որ շինարարական աշխատանքների ընթացքում ստեղծվելու է 8-10 հազար նոր աշխատատեղ: Պատասխանատուները վստահեցրել են, որ մեծ ուշադրություն է դարձվելու հուշարձան շենքերի պահպանությանը: Թաղամասում կառուցվելու են նաև ստորգետնյա ավտոկայանատեղիներ:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է հուշարձան շենքերի պահպանության ուղղությամբ հետևողական աշխատանքների կարևորությունը և շեշտել նախապես մշակված չափորոշիչները մինչ նախագծի ավարտը պահպանելու անհրաժեշտությունը:

Նշենք՝ ըստ նախագծի հուշարձանային տարածքում գտնվող Հանրապետության և Տիգրան Մեծ փողոցներին հարակից հուշարձանները կպահպանվեն, կպահպանվեն շենքերի ետնամասի ֆասադները և տվյալ տարածքների համար կստեղծվի նոր, համահունչ զբոսաշրջային միջավայր՝ 2-4 հարկանի պատմական շենքերով, փայտե պատշգամբներով և հուշարձան շենքերի միջև 200մ հետիոտնային ճանապարհով:

Лента

Рекомендуем посмотреть