«Հայաստան» համահայկական հիմնադրամը Լիբանանում ապրող հայերին աջակցելու համար առցանց դրամահավաք է սկսել:
Այդ մասին հայտնում են Հիմնադրամից՝ ընդգծելով․
«Հետևելով ՀՀ վարչապետ և «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբաձու Նիկոլ Փաշինյանի կոչին, հիմնադրամը մեկնարկում է նոր դրամահավաք-արշավ:
Հայկական ամենահին համայնքներից մեկը, որը մեկ դարից ավել մեր ազգային անկոտրում ոգու և գոյատևման խորհրդանիշն է, այսօր մեր աջակցության կարիքն ունի։ Բեյրութի աղետալի պայթյունը բազմապատկեց Լիբանանում տիրող տնտեսական երկարատև ճգնաժամն ու համաճարակի հետևանքները՝ անելանելի իրավիճակ ստեղծելով մեր հայրենակիցների համար։ Տարիներ շարունակ Լիբանանի հայ համայնքը մեծ նվիրումով սատարել է թե' Հայրենիքին, թե' սփյուռքի համայնքներին։ Այժմ մեր գործելու ժամանակն է։
Ձեր նվիրատվությունները կարող եք իրականացնել՝ փոխանցումներ կատարելով ՀՀ Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարին (հաշվեհամարը՝ հիմնադրամի կայքում), ինչպես նաև հիմնադրամի կայքի առցանց հարթակում՝ www.himnadram.org/hy հասցեով»։