«Նոր տեսակի կորոնավիուսի հետ կապված համաճարակային վիճակը Հայաստանի Հանրապետությունում շարունակաբար թուլանում է, բայց բացարձակ թվերն ամենօրյա՝ նոր դեպքերի հայտնաբերման, շարունակում են բարձր մնալ: Բայց հիմա մենք ունենք որոշակի վստահություն, որ հայտնաբերելիությունը դեպքերի լավացել է, բարձրացել է, որովհետև, եթե նախկինում նոր դրական դեպքերը հասնում էին օրվա հետազոտությունների 25-30 տոկոսի մակարդակի, հիմա տատանվում են 15 տոկոսի, պլյուս-մինուս 1-2 տոկոս, շրջանում, ինչը նշանակում է, որ մենք հայտնաբերելիության էական աճ ունենք: Մենք այս առումով մարտավարության որոշակի փոփոխության հնարավորություն ենք ստացել: Եթե նախկինում հոսքերը մեծ էին, և մենք, ըստ էության, պասիվ սպասում էինք, որպեսզի մարդիկ իրենք դիմեն, հիմա մարտավարության փոփոխություն է տեղի ունենում, և Առողջապահության նախարարությունն ավելի նախաձեռնող կլինի, և ռիսկային որոշ տեղերում մենք սեփական նախաձեռնությամբ ախտորոշումներ կիրականացնենք»,-այդ մասին կառավարության այսօրվա նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ նախարարությունն իր նախաձեռնությամբ վերցնելու է ռիսկային փակ հաստատություններին, կոլեկտիվներին, բնակիչներին հետազոտելու, ինչպես նաև համաճարակաբանական կապ գտնելու պարտականությունը։
«Դժբախտաբար ունեցել ենք ժամանակ, երբ 30-ից ավելի տոկոս է եղել, սակայն դրանից հետո կայուն անկում ունենք մինչև 15 տոկոս, և հույս ունենք, որ կհասնենք այդ 10 տոկոսին: Դրան հասնելու համար մենք ռիսկային խմբերում՝ փակ հաստատություններում, բնակչության շրջանում, կոլեկտիվներում հետազոտություններ կիրականացնենք։ Դրանց մեջ են մտնում սուպերմարկետները, ֆաբրիկաները, փակ հաստատություններ, հոգեկան առողջության կենտրոնները, բանկերը, թաղապետարանները և այլն։ Այսինքն, եթե նրանցից մեկի մոտ թեստը դրական է, չենք սպասում մյուսների մոտ սիմպտոմներ ի հայտ գան՝ բոլորին թեստավորում և արագ հայտնաբերում ենք։ Օրինակ՝ օրերս հետազոտել ենք հոգեկան առողջության կենտրոններից մեկը՝ միանգամից 350 հոգու և 25 դրական դեպք ենք հայտնաբերել, որոնք որևէ սիմպտոմ, գանգատ չեն ունեցել»,-ասել է նախարարը:
Վարչապետ Փաշինյանը հետաքրքրվել է՝ եթե չգնայինք ու չհայտնաբարեինք, ապա այդ 25 դեպքը կդառնար 50…100 և այդպես շարունա՞կ։
«Այո»,- պատասխանել է Արսեն Թորոսյանը՝ ընդգծելով, որ, եթե առաջ կար ցուցանիշ, որ 38.5 ջերմությունով քաղաքացիներին էին միայն հետազոտում, հետո այդ ցուցանիշն իջավ մինչև 37.5, այժմ նման սիմպտոմներով դիմող քաղաքացիները քիչ են։
Վարչապետ Փաշինյանը տեղեկացնելով, որ նախորդ օրվա դրությամբ ծայրահեղ ծանր վիճակում է 68 պացիենտ, ծանր վիճակում՝ 300 պացիենտ՝ դեպքերի թվի էական նվազումը պայմանավորել է դիմակի կրմամբ։
«Այս ամենը դիմակների պարտադիր կրման արդյունք է։ Մենք այսօր պետք է պահպանենք հակահամաճարակային բոլոր կանոնները։ Այդ կանոնների կուլմինացիան դիմակների պարտադիր կրումն է և՛ բաց, և՛ փակ տարածքներում, ինչպես նաև սոցիալական հեռավարության պահպանումն ու ձեռքերի անընդհատ ախտահանումը»,-նշել է նա։
Կառավարության նիստից այս և այլ թեմաների մանրամասները՝ տեսանյութում։