Արհեստական բանականությամբ զբաղվող հայկական «Կրիսպ» (Krisp) ընկերությունը 5 մլն դոլարի ներդրում է ստացել: Լուրը հայտնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։
Ի՞նչ է սա նշանակում․ ընկերության համահիմնադիր Արտավազդ Մինասյանը հայտնում է․
-գիտական հենքով նոր տեխնոլոգիաների և պրոդուկտների ստեղծում Հայաստանում,
-մարկետինգի և վաճառնքերի վրա գերկենտրոնացում․ նպատակը հաջորդ մեկ տարում վճարող օգտագործողների քանակը հնգապատկելն է,
-թիմի ընդլայնում 30 պրոֆեսիոնալներով, որոնք նոր գիտելիք, փորձառություն և շունչ կբերեն մեր ընկերությանը։
-ընկերության նպատակներից մեկը մնում է հաջորդ մի քանի տարում դառնալ առնվազն մեկ միլիարդ գնահատվող ստարտափ։
Նշենք՝ «Կրիսպ» ծրագիրը հնարավորություն է տալիս փոխանցել ձայնն առանց շրջապատի աղմուկի։ Այն մեծ պահանջարկ ունեցավ հատկապես այս ընթացքում՝ Covid-19 համավարակի օրերին, երբ աշխատանքը հաճախ կազմակերպվում է հեռավար։
Հաշվի առնելով, որ Հայաստանում հարյուր հազարավոր մարդիկ իրենց դասերը և աշխատանքը անում են հեռավար՝ օգտվելով վիդեո կոնֆերանսների հավելվածներից ընկերությունը հայտարարել է, որ բոլոր հայաստանցիների համար իրենց հավելվածի վճարովի տարբերակը 6 ամսով դարձրել է անվճար, ինչը թույլ է տալիս օգտվել առանց աղմուկի արդյունավետ վիդեո զանգեր անելու հնարավորությունից։
«Կրիսպը 1 տարվա ընթացքում 0֊ից 600 կորպորատիվ բաժանորդ ձեռք բերեց` տարեկան շրջանառության $0֊ից հասնելով $4,000,000֊ի։
Սա կոչվում է տիեզերական հրթիռային արագություն։
Ավելի վաղ Ֆորբս֊ը գրել էր, որ Կրիսպը 2020 թվականի 50 ամենախոստումնալից արհեստական բանականությամբ զբաղվող ընկերություններից է։
Հաջողություններ եմ մաղթում Կրիսպին»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարար Արշակյանը։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը