Լիբանանում գտնվող հայ խաղաղապահներն իրենց ծառայությունն իրականացնում են հարավային սահմանի ուղղությամբ, որը բավական հեռու է տեղակայված դեպքի վայրից։ Խաղաղապահների կյանքին վտանգ չի սպառնում, և նրանք շարունակում են իրականացնել իրենց բնականոն ծառայությունը:
Այդ մասին հայնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ նշելով, որ Լիբանանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Լիբանանում գտնվող հայ խաղաղապահների հետ. վերջիններիս հետ դեսպան Վահագն Աթաբեկյանի կողմից կապ է հաստատվել նաև այսօր առավոտյան։
Հիշեցնենք՝ օգոստոսի 4-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում՝ նավահանգստային գոտում, ուժգին պայթյուն է որոտացել, որը խլել է ավելի քան 70 մարդու կյանք, 4 հազարից ավելին վիրավորվել են։ Ավերածությունները լայնածավալ են. փլուզվել են շենքեր, վնասվել եկեղեցիներ, վնասվել է նաև Հայկազյան համալսարանի շենքը։ Հայաստանի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ այս պահին տեղեկություններ կան պայթյունի հետևանքով 6 հայի մահվան և շուրջ 100-ի վնասված լինելու մասին:
Երկրում եռօրյա սուգ է հայտարարված, Բեյրութը աղետի գոտի է հայտարարվել, քաղաքում երկու շաբաթով՝ օգոստոսի 4-18-ը, արտակարգ դրություն է սահմանվել:
Տասնյակ մարդկանց կյանքեր խլած պայթյունի պատճառը նավահանգստի պահեստում պահվող 2750 տոննա ամոնիակի նիտրատն է եղել։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը