Հուժկու պայթյուն Բեյրութում. տասնյակ զոհերի թվում նաև հայ կա, վնասվել է Անթիլիասի Մայր տաճարը - RadioVan.fm

Онлайн

Հուժկու պայթյուն Բեյրութում. տասնյակ զոհերի թվում նաև հայ կա, վնասվել է Անթիլիասի Մայր տաճարը

2020-08-04 23:30 , Мир, 1963

Հուժկու պայթյուն Բեյրութում. տասնյակ զոհերի թվում նաև հայ կա, վնասվել է Անթիլիասի Մայր տաճարը

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում հուժկու պայթյուն է որոտացել:

Al Arabiya-ն hղում անելով ականատեսներին՝ հաղորդում է, որ պայթյունները գրանցվել են Լիբանանի նախկին վարչապետ Սաադ Հարիրիի կեցավայրի մոտ, Բեյրութի նավահանգստում:

Տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է նվազագույնը 30 մարդ, ավելի քան 2500 մարդ վնասվածքներ է ստացել:

Նախնական տեղեկություն կա ազգությամբ մեկ հայի մահվան և մի քանիսի՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ունենալու մասին:

«Լիբանանում ՀՀ դեսպանությունը կապի մեջ է Լիբանանի պատկան մարմինների և տեղի համայնքային կառույցների ղեկավարների հետ:

Հայահոծ թաղամասերում, ինչպես ողջ Բեյրութում, ավերածությունները զգալի են։ Այս պահի դրությամբ նախնական տեղեկություն կա ազգությամբ մեկ հայի մահվան և մի քանիսի՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ունենալու մասին՝ հիմնականում տներում՝ ապակիների փշրվելուց։

Պայթյունից մասնակիորեն վնասվել է նաև Լիբանանում ՀՀ դեսպանության շենքը:

Հնարավոր զոհերի, վիրավորների և պայթյունի պատճառած ավերածությունների վերաբերյալ տվյալները ճշտվում են, և դրանց վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն կտրամադրվի»,-ֆեյսբուքյան գրառմամբ նշում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Տեղի ունեցած հուժկու պայթյունը զանգվածային ավերածություններ ու վնաս է հասցրել բազմաթիվ կառուցների՝ փշրելով շենքերի ապակիներն ու պոկելով առաստաղները:

Պայթյունի հետևանքով վնասվել է Անթիլիասի Մայր տաճարը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանը գույքային և նյութական վնասներ է կրել:

Անթիլիասի մայրավանքում վնասվել են Մայր տաճարի դռները, ջահերը, պատուհանները: Նույնպիսի վնասներ են կրել նաև Վեհարանը, հայագիտական և մանկավարժական կենտրոնները, ինչպես նաև «Կիլիկիա» թանգարանը:

«Ցնցված եմ եղբայրական Լիբանանում տեղի ունեցած մահաբեր պայթյունից»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ։ Իմ զորակցությունը հայտնեցի Արամ վեհափառին, հայ համայնքին, Լիբանանի եղբայրական պետությանը և ժողովրդին:

Սգում ենք բոլոր զոհերի մահը և ցավակցում ենք բոլոր զոհերի հարազատներին ու մտերիմներին։

Կանգնած ենք եղբայրական Լիբանանի կողքին»,- գրել է վարչապետը։

Հավելենք, որ ի հիշատակ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի` օգոստոսի 5-ը սգո օր է հայտարարվել:

Лента

Рекомендуем посмотреть