Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, հետաձգել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու միջնորդության քննարկումը և լուծումը մինչև դատարանի կողմից կալանադրված գույքի արժեքը որոշելը։
«Դատարանն ինքն իրեն հակասում է և ստեղծում է մի իրավիճակ, երբ ապօրինի որոշումը շարունակում է գործել»,-առարկելով որոշումը նշել է պաշտպան Հայկ Ալումյանը։
Հիշեցնենք, որ դատարանը պահանջել էր Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի արգելանքի տակ գտնվող գույքի և բանկային հաշիվների վերաբերյալ ամբողջական տեղեկություն տրամադրել։ Պաշտպանները, սակայն, հրաժարվել են ներկայացնել տեղեկանքները, պատճառաբանելով, որ այդ պարտականությունը դրված է նախաքննություն իրականացնող մարմնի վրա։
Պաշտպան Հայկ Ալումյանն իր խոսքում մեջբերել է Վճռաբեկ դատարանի որոշումներից մեկը, որով դատարանն անդրադարձել է գույքի վրա արգելանք դնելիս կողմերի պարտականություններին և արձանագրել, որ դա վարույթ իրականացնող մարմնի պարտականությունն է, նրա կողմից պետք է ներգրավվի ապրանքագետ-փորձագետ կամ նշանակվի փորձաքննություն գույքի արժեքը որոշու համար, եթե առանց դրա հնարավոր չէ որոշել այն։
«Այդպիսով, քննիչի որոշումը, որով կալանք է դրվել Ռոբերտ Քոչարյանի գույքի և դրամական միջոցների վրա, դատարանների, այդ թվում Աննա Դանիբեկյանի որոշումներով, ճանաչվել է անօրինական, սակայն այդ խախտումը վերացնելու փոխարեն, Դանիբեկյանը լայնածավալ քննարկում է ծավալել։ Ավելին, մեղադրողների կողմից բերված փաստարկներն արդեն իսկ քննարկվել և մերժվել են դատարանի կողմից»,-նշում է Քոչարյանի փաստաբանական թիմից։