Այն ողբերգությունը, որ տեղի է ունեցել եզդի ժողովրդի հետ, զազրելի հանցագործություն է․Փաշինյանը՝ Սինջարում կատարված մասին - RadioVan.fm

Онлайн

Այն ողբերգությունը, որ տեղի է ունեցել եզդի ժողովրդի հետ, զազրելի հանցագործություն է․Փաշինյանը՝ Սինջարում կատարված մասին

2020-08-03 19:41 , Политика, 1338

Այն ողբերգությունը, որ տեղի է ունեցել եզդի ժողովրդի հետ, զազրելի հանցագործություն է․Փաշինյանը՝ Սինջարում կատարված մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հայաստանի եզդի համայնքի ներկայացուցիչներին Սինջարում իրականացված ցեղասպանության տարելիցի կապակցությամբ:

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հայաստանի եզդի համայնքի սիրելի քույրեր և եղբայրներ,

Այսօր մենք ոգեկոչում ենք վեց տարի առաջ եզդի ժողովրդի նկատմամբ ահաբեկչական խմբավորումների կողմից Սինջարում իրականացված ցեղասպանության տարելիցը: Հիրավի, այն ողբերգությունը, որ տեղի է ունեցել եզդի ժողովրդի հետ, զազրելի հանցագործություն է ընդդեմ մարդկության և քաղաքակիրթ աշխարհի: Կիսում ենք ձեր ցավը և անկեղծ զորակցություն հայտնում ձեզ:

Հայաստանի եզդի համայնքին, եզդի բոլոր ընտանիքներին մաղթում եմ տոկունություն ու ոգու արիություն: Որպես սփոփանք միշտ գիտակցեք, որ հայրենիքում՝ Հայաստանի Հանրապետությունում դուք ունեք ապահով և պաշտպանված ապագա և առաջընթացի լայն ասպարեզ»:

Եզդիական համայնքին ցավակցական ուղերձ է հղել նաև Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը՝ ընդգծելով, որ «իբրև ցեղասպանություն վերապրած ազգ՝ մենք չենք կարող անտարբեր մնալ որևէ այլ ժողովրդի նկատմամբ իրականացված նույն ոճիրին ականատես լինելիս»։

2014 թվականի օգոստոսի 3-ին ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքում՝ եզդիներով բնակեցված Սինջար քաղաքի վրա, հարձակում տեղի ունեցավ։ Սպանվեց ավելի քան երեք հազար մարդ: Սովի, ծարավի և անտանելի շոգի հետևանքով մահացան լեռներում ապաստան գտած մոտ հազար մարդ, ավելի քան 200 հազար եզդիներ դարձան փախստական, առևանգվեցին 13-ից 56 տարեկան շուրջ 5000 կանայք և աղջիկներ: Վերջիններիս կյանքի պահպանման նախապայման է եղել իսլամի ընդունումը և ամուսնությունը ջիհադիստների հետ: Աղբյուրների և արխիվների ուսումնասիրություններն ապացուցում են, որ եզդիների նկատմամբ ցեղասպանություն տեղի է ունեցել ոչ միայն 2014թ. օգոստոսի 3-4-ին, այլ դրանք կրում են շարունակական բնույթ: Այդ մասին նշվել է ՀՀ Ազգային ժողովի՝ դատապարտող հայտարարությունում։

Лента

Рекомендуем посмотреть