Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանից ստացած ձայնային հաղորդագրության բովանդակության մասին։
«Խորհրդակցությունից դուրս եմ գալիս, տեսնեմ Հայկ Մարությանից ձայնային հաղորդագրություն ունեմ: Մտածում եմ՝ հերթական աշխատանքային բարդ խնդրի մասին է լինելու. ինչպես միշտ: Ալարելով միացնում եմ հաղորդագրությունը ու լսում հետեւյալը.
- Պարոն վարչապետ, ուզում եմ մի հումորային բան պատմել: Էսօր քաղաքապետարանի վարչություններից մեկի մի «100 տարվա» աշխատողի հարցնում են՝ հը ի՞նչ կա, ո՞նց են գործերը: Պատասխանում է՝ այ ախպեր, ուրա՞ գործ: Մենակ աշխատանքն ա մնացել:
Հենց էսպես էլ ապրում են, մեր սիրած քաղաքապետարանում: Եւ ոչ միայն:)»,-գրել է վարչապետը։
Հիշեցնենք՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այս օրերին արձակուրդում է։ Ինչպես հայտնել էր քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը՝ Մարությանի՝ հուլիսի 27-ից սկսված կարճատև արձակուրդը կավարտվի այսօր՝ հուլիսի 31-ը ներառյալ։