«Հայաստան-Արցախ» հիմնադրամի կողմից որպես մարդասիրական օգնություն ստացված հակաուռուցքային, հակագերճնշումային, հակախոլեստերինային, աչքի և ականջի հակաբորբոքային և ցավազրկող կաթիլներ, միզամուղ, ալցհեյմերի հիվանդության ժամանակ կիրառվող, հակաբիոտիկներ, հակավիրուսային, հակախոցային, հակադիաբետիկ, պարկինսոնիզմ հիվանդության ժամանակ կիրառվող դեղերը, ինչպես նաև օպտիկական ակնոցները հատկացվել են հանրապետության առողջության առաջնային պահպանման օղակի բժշկական հաստատություններին: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ առողջւապահության նախարարությունից՝ վստահեցնելով, որ մարդասիրական օգնության ճանապարհով ստացվող բոլոր դեղերը պարտադիր անցնում են լաբորատոր փորձաքննություն և, միայն դրական արդյունքի դեպքում, թույլատրվում է դրանց ներմուծումը և բաշխումը: Ուստի, ՀՀ առողջապահության նախարարությունը երաշխավորում է մարդասիրական օգնության ճանապարհով ստացված իր կողմից բնակչությանը հատկացվող բոլոր դեղերի որակը և արդյունավետությունը։
Հավելենք նաեւ, որ ՀՀ առողջապահության նախարարի 2005 թվականի հունվարի 27-ի թիվ 74-Ն հրամանի 5-րդ կետի համաձայն` մարդասիրական օգնությամբ ստացված դեղերն անվճար տրվում են բոլոր հիվանդներին, ըստ բժշկական ցուցումների` անկախ սոցիալական խմբի պատկանելությունից: