Ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են, որ խաչմերուկի թողունակությունը մեծացնելու նպատակով վաղը՝ հուլիսի 29-ին, Երևան քաղաքի Ռուբինյանց և Սևակի փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Փոփոխության արդյունքում Ռուբինյանց փողոցում՝ խաչմերուկի մոտակա երկու կողմի հատվածներում, հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային կրկնակի հոծ գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվեն լրացուցիչ 4-րդ երթևեկելի գոտիներ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի հետադարձերը և դեպի Սևակի փողոց ձախ շրջադարձերը կատարել առանձնացված գոտիներից՝ չխոչընդոտելով ուղիղ երթևեկող տրանսպորտային միջոցներին: Միաժամանակ, կարգելվի Ռուբինյանց փողոցի 1-ին և Սևակի փողոցի 2-րդ երթևեկելի գոտիներից ուղիղ երթևեկությունը։
Վաղը երթևեկության կազմակերպության փոփոխություն է նախատեսվում նաև Ռուբինյանց փողոց-Ռուբինյանց փողոցի նրբանցք-Էմինեսկուի 1-ին փողոց խաչմերուկում։
Ճանապարհային ոստիկանության տեղեկացմամբ՝ փոփոխության արդյունքում Ռուբինյանց փողոցում՝ Գայի պողոտայի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների համար կկազմակերպվի 3-րդ երթևեկելի գոտի, որի շնորհիվ հնարավոր կլինի դեպի Ռուբինյանց փողոցի նրբանցք ձախ շրջադարձը կատարել առանձնացված գոտուց՝ չխոչընդոտելով ուղիղ երթևեկող տրանսպորտային միջոցներին: