Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆորնիա նահանգի Բըրբանք քաղաքի հայ խանութպաններն արձագանքելով Մոսկվայում հայերի վրա ադրբեջանցիների հարձակման միջադեպին՝ որոշել են իրենց պատկանող խանութներում վաճառքից հանել թուրքական արտադրության ապրանքները։
Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում հայտնում է այդ քաղաքում ապրող ամերիկահայ Կարեն Վարդանյանը։
«Ընկերներիս պատկանող «Red Top» խանութի մոտ եմ, այդտեղից բավականին մեծ քանակությամբ թուրքական տոմատներ ու այլ ապրանքներ հանվել են։ Այսօրվանից այս սուպերմարկետում ոչ մի թուրքական ապրանք չի լինելու։ Այդ ապրանքների հայկականը կա»,-տեսանյութում ասում է Կարեն Վարդյանյանը՝ միաժամանակ կոչ անելով տարբեր երկրներում ապրող հայերին սադրանքների չտրվել։
Նշենք՝ Ռուսաստանի հայերի միությունը (ՌՀՄ) հայտնել էր, որ Մոսկվայում ադրբեջանցիները հարձակվել են հայերի վրա։
«Կարծես Իլհամ Ալիևը և Բյուլբյուլօղլին անում են ամեն ինչ՝ Ռուսաստանը Սումգայիթի վերածելու համար: Բաքվից ղեկավարարվող բանդիտները գիշերը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում սկսել են հարձակվել հայերի վրա: Մոսկվայի ՕՄՕՆ-ը գիշերվա ընթացքում ձերբակալել է 50-ից ավելի ադրբեջանցի հանցագործների, որոնք մասնակցել են հայերի ծեծին»,-ասված է Ռուսաստանի հայերի միության ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրությունում:
Ըստ կազմակերպության՝ ձերբակալվածներին մեղադրանքներ են առաջադրվելու խուլիգանության և ազգամիջյան թշնամանք բորբոքելու համար: Ռուսաստանի հայերի միությունը հայտնում է, որ կապի մեջ է ուժային կառույցների ղեկավարների հետ ու հետևելու է քննության ընթացքին:
Կազմակերպությունը պահանջում է պատասխանատվության ենթարկել ոչ միայն այդ հանցագործությունները կատարողներին ու հրահրողներին, այլև «ոգեշնչողներին»: Ռուսաստանի հայերի միությունը կոչ է անում հայ համայնքի ներկայացուցիչներին այս օրերին լինել զգոն և չտրվել սադրանքների:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը