Վանձորում 58-ամյա որդին սպանել է մորը կացնով, ապա մարմինը դանակով մասնատել, լցրել պոլիէթիլենային պարկի մեջ, նետել աղբանոցն ու այրել։
Տղամարդը ձերբակալված է։
«Հուլիսի 19-ին ոստիկանության Բազումի բաժնում տեղեկություն ստացվեց, որ Վանաձորի Ներսիսյան թաղամասի թիվ 6 շենքի բնակարաններից մեկում որդին սպանել է մորը: Մեկնած օպերատիվ խումբը բնակարանի տարբեր հատվածներում արնանման հետքեր հայտնաբերեց։
Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումներով պարզվեց, որ 87-ամյա տանտիրուհուն սպանել էր 58-ամյա որդին, որը նախկինում 11 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման էր դատապարտվել՝ սպանության, խուլիգանության և ապօրինի զենք պահելու մեղադրանքով: Պատժի կրումից ազատվել էր 2018 թվականին:
Տղամարդը ոստիկաններին հայտնեց, որ երկու օր առաջ մորը սպանել էր կացնով, ապա մարմինը դանակով մասնատել, լցրել էր պոլիէթիլենային պարկի մեջ, նետել աղբանոցն ու այրել։
Փաստի առթիվ սպանության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ թաղամասի աղբամաններից մեկում հայտնաբերվել են տարեց կնոջ այրված մարմնամասերը։
Հանցագործության գործիք կացինը հայտնաբերվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Տղամարդը ձերբակալվել է։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,-ասված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում։