Ադրբեջանը չի կարողանա ստիպել մեզ չհիմնավորված և միակողմանի զիջումների գնալ. Փաշինյանը Մինսկում հայտարարել է - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանը չի կարողանա ստիպել մեզ չհիմնավորված և միակողմանի զիջումների գնալ. Փաշինյանը Մինսկում հայտարարել է

2020-07-17 18:25 , Политика, 898

Ադրբեջանը չի կարողանա ստիպել մեզ չհիմնավորված և միակողմանի զիջումների գնալ. Փաշինյանը Մինսկում հայտարարել է

«Ինչպես գիտեք, Ադրբեջանը, անտեսելով համավարակի պայմաններում զինված բախումների դադարեցման բազմաթիվ կոչերը, այդ թվում՝ ապրիլի 14-ի Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի համատեղ հայտարարությունը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարտի 23-ի հայտարարությունը, սանձազերծեց ռազմական գործողություններ Հայաստանի սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ: Հայաստանի զինված ուժերը չէին կարող չպատասխանել Ադրբեջանի սադրիչ գործողություններին:

Ցավոք, սադրանքները շարունակվում են առ այսօր` նպաստելով լարվածության պահպանմանը և իրավիճակի անկախատեսելիությանը»,-այդ մասին այսօր Մինսկում Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստում, որին մասնակցել են նաև Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը, Ղրղզստանի կառավարության ղեկավար Կուբատբեկ Բորոնովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծել է, որ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, որն ուղղված է տարածաշրջանում լարվածության սրմանը, ոչ մի տեղ չի տանում:

«Նա չի կարողանա կոտրել մեր ժողովրդի վճռականությունը և ստիպել մեզ չհիմնավորված և միակողմանի զիջումների գնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Հակամարտության ուժային լուծում գոյություն չունի, և խաղաղ բանակցությունները չունեն այլընտրանք, ինչը համապատասխանում է մեր տարածաշրջանի բոլոր ժողովուրդների շահերին»,-շեշտել է Հայաստանի գործադիրի ղեկավարը:

Նիստի ընթացքում քննարկվել են եվրասիական ինտեգրման հարցերի լայն շրջանակ՝ առևտրի, ներքին շուկայի գործունեության, մրցակցության, արդյունաբերության, տեխնիկական կարգավորման և այլ ոլորտներին վերաբերող թեմաներ: Կառավարության լրատվության վարչության փոխանցմամբ՝ անդրադարձ է կատարվել Եվրասիական տնտեսական միությունում «Ապրանքների մակնշման մասին» համաձայնագրի իրականացմանը և պիտակավորման համակարգի հետագա զարգացմանը, առողջապահության բնագավառում միջոցառումների համապարփակ ծրագրին` Միության երկրներում կորոնավիրուսի և այլ վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով: Քննարկվել են նաև ԵԱՏՄ երկրների համագործակցության միջպետական ծրագրի նախագիծը, ագրոարդյունաբերական զարգացման և միության արդյունաբերականացման քարտեզները:

Աշխատանքային այցով Մինսկում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:

Лента

Рекомендуем посмотреть