ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ Վարդավառի օրը ուժեղացված ծառայություն են իրականացնելու:
«Հուլիսի 19-ին Վարդավառ է՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը: Վարդավառը մեր ժողովրդի սիրելի տոներից է, այն յուրահատուկ խանդավառությամբ ենք նշում։
Ըմբռնումով մոտենալով այս հանգամանքին, այնուամենայնիվ, կոչ ենք անում և հորդորում՝ համավարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով զերծ մնալ Վարդավառն ավանդական կերպով տոնելու գայթակղությունից, խուսափել մարդաշատ վայրեր հաճախելուց ու մարդկային կուտակումներ ենթադրող միջոցառումներից:
Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնելու հանրային վայրերում՝ կուտակումները կանխելու նպատակով:
Առողջություն և զգոնություն բոլորիս: Միասին հաղթահարելի են բոլոր դժվարությունները»,-ասված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում:
Այսօր ավելի վաղ Վարդավառն ավանդական կերպով չտոնելու կոչով էր հանդես եկել ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ այս տարվա մեր «ջրհեղեղը»` կորոնավիրուսի համավարակը, դեռ չի նահանջում, և դրա դեմ անզիջում պայքարը շարունակվում է:
Նշենք՝ պաշտոնական վերջին տվյալների համաձայն` Հայաստանում մարտի 1-ից առ այսօր արձանագրվել է նոր կորոնավիրուսի (Covid-19) 34 001 դեպք, որից 22 492-ը ապաքինված, 620-ը՝ մահվան ելքով: ՀՀ առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ կորոնավիրուսով հիվանդ ևս 197 մարդ մահացել է այլ հիվանդությունների պատճառով: Այսօրվա դրությամբ փաստացի բուժվողների թիվը 10 692 է:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը