ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից կատարել է հետևյալ գրառումը.
««Սու-30CM»-ները դուրս են գալիս մարտական հերթապահության՝ ապահովելու ՀՀ օդային սահմանների անձեռնմխելիությունը»։
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի փոխանցմամբ՝ բազմաֆունկցիոնալ գերժամանակակից կործանիչների մարտական հերթապահությունը կրելու է մշտական բնույթ:
Հիշեցնենք՝ հուլիսի 12-ից հակառակորդը պարբերաբար ապակայունացնում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող վիճակը։ Հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձից, հրետանային կրակ արձակելուց զատ, Ադրբեջանի զինուժը թիրախավորել է հայկական բնակավայրերը՝ Չինարի, Այգեպար, Ներքին Կարմրաղբյուր, Պառավաքար համայնքները, հրետակոծության է ենթարկվել նաև Բերդ քաղաքը: Վնասվել են տներ, գազատար: Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, ականանետեր, տանկեր, հարվածային անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ): ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները դիմել են պատժիչ գործողությունների՝ ոչնչացնելով Տավուշի սահմանամերձ բնակավայրերը հրետակոծած ադրբեջանական հենակետերը, մոտ 10 անօդաչու սարքեր։ Սահմանին լարվածությունը թուլացել է երեկ 18:00-ից սկսած: Ռազմական գերատեսչության մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ այս պահի դրությամբ սահմանին հիմնականում պահպանվում է հրադադար, միջադեպեր և թիրախավորված կրակոցներ չեն արձանագրվել, իրավիճակը սահմանի ամբողջ երկայնքով ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների լիակատար վերահսկողության ներքո է։
Ադրբեջանը հաստատել է 11 զոհի մասին, որոնց թվում բարձրաստիճան զինվորականներ են՝ Ադրբեջանի բանակի կորպուսներից մեկի հրետանու հրամանատար, գնդապետ Իլգար Միրզոևը, գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը:
Հուլիսի 12-ից սկսած հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմը 4 զոհ ունի, մոտ երկու տասնյակ վիրավորներ: Այս պահին բուժում ստացող 10 զինծառայողներից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը