Ադրբեջանցի բլոգերը ԱԱԾ-ի դիմաց Բարգավաճի կին պատգամավորների ակցիայի կադրերը ներկայացրել է որպես պատերազմից հոգնած հայ մայրերի բողոքի ակցիա - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանցի բլոգերը ԱԱԾ-ի դիմաց Բարգավաճի կին պատգամավորների ակցիայի կադրերը ներկայացրել է որպես պատերազմից հոգնած հայ մայրերի բողոքի ակցիա

2020-07-15 18:37 , Общество, 1268

Ադրբեջանցի բլոգերը ԱԱԾ-ի դիմաց Բարգավաճի կին պատգամավորների ակցիայի կադրերը ներկայացրել է որպես պատերազմից հոգնած հայ մայրերի բողոքի ակցիա

ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Տեղեկատվության ստուգման կենտրոն»-ը անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ ազգությամբ ադրբեջանցի լրագրող-բլոգեր Ֆուադ Աբբասովի բլոգային հերթական թողարկմանը, որի ժամանակ Աբբասովը ներկայացնում է, թե, իբր, Հայաստանի բնակչությունն այլևս պատրաստ չէ դիմադրություն ցույց տալու հակառակորդին։

«Որպես սեփական խոսքերի հիմնավորում՝ Աբբասովը ցուցադրում է երկու տեսանյութեր։ Առաջինում տեսնում ենք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ հունիսի 16-ին ԱԱԾ-ի դիմաց կազմակերած բողոքի ակցիան՝ ի աջակցություն Գագիկ Ծառուկյանի։ Լրագրողը, ցուցադրելով այս կադրերը, ոստիկաններին դիմադրություն ցույց տվող պատգամավորներին ներկայացնում է որպես հայ մայրեր, որոնց որդիներին ՀՀ կառավարությունը ստիպողաբար ուղարկում է Արցախ՝ պատերազմելու։ Աբբասովը նշում է, թե հայ մայրերը հոգնել են պատերազմից, և բողոքի այս ակցիան նպատակ ունի վերջ դնելու դրան։

Ինչպես արդեն նշվեց՝ կադրերն իրականում վերցված են հունիսի 16-ին ԱԱԾ-ի դիմաց տեղի ունեցած ակցիայից, երբ օրակարգում էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։

Բլոգերի ներկայացրած երկրորդ տեսանյութը միտված է ցույց տալու, որ հայ զինվորականները ևս հոգնել են պայքարից, չեն ցանկանում մեկնել հայկական բանակ և հրաժարվում են կրակելուց հակառակորդի ուղղությամբ։ Այս անգամ Աբբասովը որպես ապացույց կցում է «ՎԵՏՕ» շարժման նախաձեռնող Նարեկ Մալյանին բերման ենթարկելու տեսանյութը, որտեղ վերջինս զինվորական համազեգստով է։

Սակայն, ինչպես հայտնի է, Նարեկ Մալյանը զինվորական չէ, և նրան բերման ենթարկելը կապված էր արտակարգ իրավիճակի պայմաններում ակցիաների կազմակերպման արգելքի հետ։

Այսպիսով հայտնում ենք, որ բլոգեր Ֆուադ Աբբասովը ստում է իր հետևորդներին՝ ասելով, թե հայ ժողովուրդը հրաժարվում է պայքարից։ Կցված տեսանյութերը որևէ առնչություն չունեն պատերազմին մասնակցելու՝ հայաստանցիների պատրաստականության հետ։ Հայաստանում որևէ միջոցառում չի անցկացվել՝ ընդդեմ Զինված ուժերում ծառայության կամ պատերազմական գործողություններին ներգրավվելու»,-ասված է «Տեղեկատվության ստուգման կենտրոն»-ի տարածած հաղորդագրությունում։

Лента

Рекомендуем посмотреть