ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ այսօր Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ահազանգ է ստացվել, որ «Ֆեյսբուք» սոցիալական կայքի օգտատերերից մեկը կեղծ տեղեկություններ է տարածում, իբրև Տավուշում հայկական կողմն ունի բազմաթիվ զոհեր:
«Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբերհանցավորության դեմ պայքարի ստորաբաժանման ծառայողների անհետաձգելի միջոցառումներով կարճ ժամանակ անց ճշտվել է օգտատիրոջ անձը:
Ըստ նախնական տվյալների, ստուգումներով պարզվել է, որ օգտատիրոջ էջը կոտրել են և տարածել կեղծ տեղեկություն»,-մանրամասնում են ոստիկանությունից՝ կոչ անելով բացառապես հետևել միայն պաշտոնական լրահոսին:
Հիշեցնենք՝ հուլիսի 12-ին՝ կեսօրին մոտ, Տավուշի հատվածում Ադրբեջանի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու, հայկական զինված ուժերի (ԶՈւ) սահմանային դիրքը գրավելու փորձ են կատարել: ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Նույն օրը, 13:45-ին, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Ավելի ուշ ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից:
Այսօր ևս Հայաստանի սահմանին իրավիճակը պարբերաբար սրվում է, հաղոդվեց, որ հակառակորդը արկեր է արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ:
Ադրբեջանն արդեն հայտնել է իր 4 զինծառայողների զոհվելու, ևս առնվազն 4-ի վիրավորվելու մասին: Հայկական կողմից, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, զոհվածներ չկան, 3 զինծառայող և սահմանին ծառայություն իրականացնող 2 ոստիկան մարմնական թեթև վնասվածքներ են ստացել:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը