ՀՀ բուժկենտրոններում երեք նոր վերակենդանացման բաժանմունք կբացվի. Թորոսյան - RadioVan.fm

Онлайн

ՀՀ բուժկենտրոններում երեք նոր վերակենդանացման բաժանմունք կբացվի. Թորոսյան

2020-07-09 17:30 , Политика, 1140

ՀՀ բուժկենտրոններում երեք նոր վերակենդանացման բաժանմունք կբացվի. Թորոսյան

«Մոտ մեկ ամիս ունեինք, այսպես ասած, տանը սպասող հիվանդների ինստիտուտ»,-գործադիրի այսօրվա նիստում հիշեցրեց ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ առողջապահության նախարարից հետաքրքրվելով բուժհաստատությունների ծանրաբեռնվածության ներկայիս վիճակի մասին:

Արսեն Թորոսյանը հայտնեց, որ տանը սպասող քաղաքացի արդեն մի քանի օր է՝ չունենք, այսինքն՝ 0 է թիվը, և ամենօրյա վիճակագրությունն, ամեն դեպքում, բացասական միտում ցույց չի տալիս:

Նախարարի գնահատմամբ՝ համակարգի ծանրաբեռնվածությունը, իհարկե, մնում է լարված այնքանով, որ այս նոր մարտահրավերը դեռ մեծ ռիսկ է պարունակում:

Թեև բացասական միտում ու նաև էական դրական միտում էլ չկա, այդուամենայնիվ, առողջապահական գերատեսչությունը հանրապետությունում վերակենդանացման նոր բաժանմունքներ կծավալվի՝ թվով 3-ը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչում, Միքայելյան վիրաբուժության և Էրեբունի բժշկական կենտրոններում։

«Ես Էրեբունի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժին երեկ անձամբ այցելել եմ: Այն գրեթե պատրաստ է և մեկ շաբաթից կծավալվի ամբողջությամբ: Դա թույլ կտա ընդհանուր պրոֆիլի բոլոր պացիենտներին տեղափոխել այդ նոր բացվող, բայց հարաբերականորեն ավելի փոքր վերակենդանացման բաժանմունք, մոտ 25 մահճակալանոց, և գործող՝ այս պահին մոտ 50 մահճակալանոց վերակենդանացման բաժանմունքն ամբողջությամբ տրամադրել կորոնովիրուսային հիվանդությանը»,-մանրամասնեց նախարարը՝ նշելով, որ Սուրբ Գրիգոր Լուսավորչում և Միքայելյան վիրաբուժության բուժկենտրոններում ծավալումը հավանաբար շատ արագ չի լինի, որովհետև լայնածավալ շինարարական աշխատանքներ են գնում:

«Չնայած շատ ակտիվ, բայց ամեն դեպքում դրանք 0-յից են ստեղծվում, և մեր նախնական թիրախային ժամկետներն օգոստոսի կես-սեպտեմբեր է: Եվ եթե ենթադրենք, որ ամբողջ աշխարհում նաև ակնկալվում է, այդ թվում՝ դեպքերի աշնանային աճ, ապա դա շատ տեղին ծավալում է՝ ի սպասում այդ աճի»,-նկատեց առողջապահության նախարարը։

Կառավարության նիստից այս և քննարկված այլ հարցերի մանրամասները՝ տեսանյութում։

Հիշեցնենք՝ պաշտոնական վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանում նոր կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 30 346 է, որից 18 000-ը ապաքինված,535-ը ՝ մահվան ելքով: ՀՀ առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ կորոնավիրուսով հիվանդ ևս 170մարդ մահացել է այլ հիվանդությունների հետևանքով։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть