Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելությունը Լեռնային Ղարաբաղում, Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի հետ համագործակցությամբ, սկսել է տրամադրել հիսուն հազարական դրամի չափով ֆինանսական օժանդակություն քրոնիկ հիվանդություններ, ներառյալ հաշմանդամություն ունեցող և անկողնային վիճակում գտնվող անձանց։
Այդ մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը:
«Նշված կատեգորիաներին պատկանող, ինչպես նաև նվազ շարժունակություն ունեցող անձինք հատկապես խոցելի են թոքային վարակների և, հետևաբար, COVID-19-ի նկատմամբ: Դրամական օժանդակությունը նախատեսվում է օգնելու շահառուներին հոգալու բժշկական և հիգիենայի հրատապ կարիքները»,-ասվում է հրապարակման մեջ:
Նշվում է, որ ֆինանսական աջակցության հետ զուգահեռ, ԿԽՄԿ-ն սահմանել է նաև շուրջօրյա թեժ գիծ բնակչության վերոնշյալ խմբի համար և ապահովել ալկոգելով ու կորոնավիրուսից պաշտպանվելու վերաբերյալ տեղեկատվական թերթիկներով։
Հատկանշական է, որ փոստային ծառայությունների աշխատակիցներին, ովքեր իրականացնում են դրամի բաշխումը, նույնպես տրամադրվել է ալկոգել, ձեռնոց և դիմակներ: