Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հայտնում են, որ ս.թ. հունիսի 27-ին տեսչական մարմնի կենդանական աշխարհի վերահսկողության ու Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցները «Արփի լիճ» ազգային պարկի հարակից բուֆերային գոտում մայր բնություն են վերադարձրել ՀՀ Կարմիր գրքում գրանցված սև արագիլին։
Հիշեցվում է, որ կարմիրգրքյան թռչունը գտնվել էր 2019 թվականի աշնանը վերոնշյալ տարածքում՝ թևի վնասվածքով, անհապաղ տեղափոխվել էր Երևան՝ «Զօօ Ֆաունա Արտ» վերականգնողական կենտրոն բուժման, խնամքի, վերականգնման և կարանտինի նպատակով։
ՀՀ ԳԱԱ կենդանաբանության ինստիտուտի գիտաշխատողների մասնագիտական կարծիքի համաձայն, ահա, թռչունը լիովին ապաքինվել է և անցել փետրավորման շրջանը: Մասնագետներն օղակավորել են սև արագիլին՝ բաց թողնելով հենց այն վայրում, որտեղից հայտնաբերվել էր։