«Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ), «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» (ՀՅԴ) և «Հայրենիք» կուսակցությունների կողմից ՀՀ գլխավոր դատախազություն է ներկայացվել ընդհանուր առմամբ 9 էջից բաղկացած՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 3 հոդվածներով սահմանված հանցագործությունների մասին հաղորդում։
Տարածած հաղորդագրությունում նշվում է, որ, ըստ էության, ներկայացված հաղորդումը միտված է օրենսդիր և գործադիր իշխանությունների, ինչպես նաև բարձրաստիճան այլ պաշտոնատար անձանց հանցակցությամբիրականացված իշխանության յուրացմանը իրավական գնահատական տալուն։
«Սահմանադրական դատարանի և դրա առանձին դատավորների դեմնախաձեռնված և դատական իշխանությունը զավթելուն միտված գործողությունները սկսվել և շարունակվում են մեկ տարուց ավելի՝ նպատակ ունենալով Սահմանադրական դատարանում ձևավորել կառավարելի մեծամասնություն: Այլ խոսքով՝ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով Սահմանադրական դատարանի երեք դատավորների լիազորությունները դադարեցնելու և Սահմանադրական դատարանի նախագահին պաշտոնավարումից զրկելու, ինչպես նաև նրանց փոխարեն այլ անձանց նշանակելու միջոցով օրենսդիր և գործադիր իշխանությունը ներկայացնող, ինչպես նաև այլ բարձրաստիճան մի խումբ պաշտոնատար անձինք` հանցակցությամբ, տիրանում են Սահմանադրական դատարանի լիազորություններին և այդ ամենը կատարում են` վերազանցելով իրենց լիազորությունները։
Այս գործողություններով հանցակիցները խախտում են իշխանությունների տարանջատման ու հավասարակշռման սկզբունքը և անգամ փաստացի վերացնում Հայաստանի Հանրապետության՝ իրավական պետության լինելու բնութագիրը։ Նկատի ունենալով, որ այս փաստերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի, 300․1-րդ հոդվածի 1-ին մասի և 309-րդ հոդվածի 1-ին մասի առերևույթ հատկանիշներ պարունակող արարքներ և առաջնորդվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածներով` հանցագործության մասին Գլխավոր դատախազություն ներկայացված հաղորդմամբ խնդիր է դրված հարուցել քրեական գործ և կատարել պատշաճ, անաչառ ու համակողմանի նախաքննություն»,-ասված է երեք կուսակցությունների ստեղծած աշխատանքային խմբի տարածած հաղորդագրությունում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 24-ին ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և «Հայրենիք»-ի ղեկավարները հանդիպել էին ու պայմանավորվել ստեղծել երեք կուսակցությունների ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խումբ,
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը