Հեպատիտ Ց-ի բուժման ազգային ծրագրի շրջանակներում պետական բյուջեի միջոցներով գնված դեղորայքի առաջին չափաբաժինը (500 հոգու համար) արդեն Հայաստանում է:
Այդ մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Այն մատակարարված պետք է լիներ դեռ գարնան սկզբում, սակայն կորոնավիրուսով պայմանավորված ավիափոխադրումների սահմանափակումների պատճառով դեղերի մատակարարումը ուշացել էր:
Ծրագրի շրջանակներում հերթով բուժվելու են Հեպատիտ Ց ունեցող ՀՀ քաղաքացիները` ըստ հերթագրման վաղեմության և բժշկական ցուցումների: Այս տարի ձեռք է բերվելու դեղորայք ևս 1000 հոգու համար: Ծրագիրը միտված է այս վարակիչ հիվանդության ամբողջական վերացմանը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարը՝ հավելելով, որ այլ մանրամասներ կհաղորդվեն լրացուցիչ:
Նշենք՝ ներկայումս 450.000.000 մարդ աշխարհում համարվում են ինֆեկցված վիրուսային հեպատիտ Բ-ով կամ Ց-ով, հիվանդացության դեպքում մահացությունը կազմում է ավելի քան մեկ ու կես միլիոն մարդ և դեռևս գրանցվում են վարակելիության նոր դեպքեր ամբողջ աշխարհում (3-4 միլիոն հեպատիտ Ց-ով վարակելիության նոր դեպքեր):
Հայաստանի Հանրապետությունը, կառավարության՝ 2017-ին ներկայացրած տվյալների համաձայն, վիրուսային հեպատիտների առումով համարվում է միջին տարածվածության երկիր, որովհետև ըստ նախնական հետազոտությունների հայ ազգաբնակչության 2 %-ը համարվում է վիրուսային հեպատիտ Բ-ով, իսկ 4-5%-ը՝ վիրուսային հեպատիտ Ց-ով ինֆեկցվածներ: Ելնելով վերոհիշյալից՝ հեպատիտ Բ վիրուսակիրներ 2 ու կես միլիոն ազգաբնակչության պայմաններում կկազմի 50.000 մարդ, որոնցից 95% ի մոտ ինֆեկցիան ընթանում է վիրուսայի ցածր ռեպլիկացիայով, որը չի պահանջում հակավիրուսային բուժում, այլ պահանջում է մշտական դիսպանսեր հսկողություն HBV ինֆեկցիայի հետագա զարգացման հսկողության համար: Մոտավոր 5%-ի մոտ HBV ինֆեկցիան ընթանում է քրոնիկ հեպատիտի, լյարդի ցիռոզի կամ լյարդի առաջնային ուռուցքի ձևով, որոնք պահանջում են հակավիրուսային բուժում:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը